eMedia.am-ը երեկ երեկոյան անհասանելի է եղել իր ընթերցողների համար` կայքի վրա DDoS տիպի հարձակման հետևանքով: eMedia.am-ի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կայքում բլոգերից արտատպած նյութ է տեղադրվել հայկական շոուբիզնեսի երիտասարդ աստղերից մեկի` Գարիկ Պապոյանի մասին, որում քննադատվում էր նշված անձի կրոնական և հոգևոր մոտեցումները:
eMedia.am-ի` «Vitamin Club-ի Գարիկը և «Կյանքի Խոսք» աղանդը/ոշմիդոգմա» հրապարակումը վերցված է բլոգից, որտեղ հստակ վերլուծություն կա, որը թույլ է տալիս եզրակացնել, որ Գարիկ Պապոյանը իր երկրպագուների շրջանում տարածում է Հայաստանում գործող և իրեն «կրոնական կազմակերպություն» ներկայացնող կազմակերպության գաղափարախոսությունը: Հետաքրքիրն այն է, որ Facebook-ում գործող խումբը, որտեղ տեղադրված էր տեսանյութը` Գարիկ Պապոյանի տխրահռչակ հարց ու պատասխանը ` իր արտահայտած մտքերով , նյութի հրապարակումից անմիջապես հետո, անհասանելի դարձավ
Զարմանալի է, որ Հայաստանում գործող «որոշ կրոնական կազմակերպություններ» հաճախ են դժգոհում Հայաստանում` իբր իրենց վրա գործադրվող ճնշումներից, բայց հնարավորության դեպքում ամեն ինչ անում են խոսքի ազատությունը խեղդելու համար: Իրենց գործելակերպով վերջիններս ապացուցում են իրենց՝ տոտալիտար աղանդներ լինելը:
eMedia.am-ը հետևողականորեն շարունակելու է Հայաստանում գործող «կրոնական կազմակերպությունների» մասին հրապարակումները, և եթե նման դեպքերը շարունակվեն և փորձ կատարվի խեղդել մեր խոսքի ազատության իրավունքի իրացումը, կայքը կշարունակի տարածել մեր ինֆորմացիան բոլոր հնարավոր ռեսուրսներով (անգամ անվճար հիմունքներով eMedia.am-ը պատրաստ է նյութերը տրամադրել այլ կայքերի, որոնք կցանկանան օգնել մեզ պայքարել այս անօրինական ճնշման ու շրջափակման դեմ):
emedia.am-ը դատապարտում է նմանատիպ կիբեռխուլիգանություն հանդիսացող գաղափարական պայքարի ձևերը և շարունակվելու դեպքում, կդիմի համապատասխան պետական կառույցներին:
eMedia.am-ի հաղորդագրություն