«Սիրում եմ ամեն ինչում զգալ իմ ոճը -, ասում է դիզայներ Գայանե Երկանյանը:
Ինձ համար դիզայնը միայն աշխատանքային ժամեր կամ գործընթաց չէ, այլ նաև ապրելաոճ: Ես ոչ միայն գործի մեջ եմ դիզայներ այլ նաև առօրյայում»: Գայանեն դեռ մանկուց սիրում էր ձեռքի տակ ունեցած տարբեր իրերով հետաքրքիր առարկաներ, զարդեր, քանդակներ պատրաստել: 16 տարեկանում որոշեց դիմել Գեղարվեստի Ակադեմիա, ընդունվեց և ավարտեց: Հիմա 22 տարեկան է, ունի ձեռքբերումներ, մասնագիտական աշխատանք և պատրաստվում է շարունակել իր գործունեությունը այդ ոլորտում:
«Դիզայներ դառնալու համար պետք է սիրես ստեղծագործել, բացի դա՝ մատուցածդ նյութը պիտի լինի նպատակային: Առաջնահերթ դիզայնը պետք է լինի իմաստավորված, հետո նոր՝ աչք շոյող, գեղեցիկ: Շատ լավ է, երբ դիզայները կարողանում է իր գործն անել հնարավորինս քիչ վնաս պատճառելով էկոլոգիային` ծախսելով հաշվարկված հումք, ռեսուրսներ և տալով հնարավորինս լավ արդյունք»: Գայանեն ասում է, որ սկզբում նախագծում էր արդյունաբերական իրեր` տեխնիկա, կահույք: Հետո անցավ գրաֆիկ դիզայնին, որի հանդեպ մեծ կիրք ունի:
«Գրաֆիկ դիզայնը որպես այդպիսին չունի մեկնաբանում, թե երբ է ստեղծվել: Կարելի է համարել, որ արմատները գալիս են քարանձավանկարչությունից: Ի տարբերություն դիզայնի՛ նկարը արվում է գեղագիտական հաճույք պատճառելու համար, իսկ դիզայնը` ինֆորմացիա հաղորդելու. վերջինս պետք է լինի տեղեկատվություն հաղորդող, դրդող գործոն: Հիմա աշխատում եմ ամսագրերի վրա, ընդունում տարբեր պատվերներ: Ունեմ հեղինակած տարբեր պոստերներ, բուկլետներ, շապիկներ»:
Գայանեն մտածում է նորովի` աշխատանքում ընդգծելով ինքնատիպությունը: «Մեր օրերում դիզայների պահանջարկը զգալի է, շատ ժամանակ նաեւ դիզայներներ պահանջվում են թիմային աշխատանքում: Մենք կարող ենք օգտակար լինել որեւէ ծրագրում` տալով ոչ ստանդարտ մտքեր և ցայտուն գաղափարներ»:
Գայանեն իր հաջողված ծրագրերից մեկը համարում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար նախագծած պոստերների շարքն ու շապիկները: Ասում է, որ կարեւորում է մարդկանց տեղեկացվածությունը, որի համար էլ դիզայնը կարող է որպես լավ միջոց ծառայել: «Ամեն գործ սկսելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել թեման, և մատուցվող նյութը ներկայացնել նորովի` մեկ քայլ առաջ, հաշվի առնելով, թե ում է ուղղված պրոդուկտը, որպեսզի այն լինի ընկալելի և ծառայի իր նպատակին»,- ասում է Գայանեն:
Լիլիթ Շարբաթյան