Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց առաջնությունն ուժեղացել է դրսի ռեսուրսների հաշվին

Հունվար 12,2012 13:44

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեցին շախմատի ՀՀ բարձրագույն խմբի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Խաղարկվում են ոչ միայն հանրապետության չեմպիոնների ու մրցանակակիրների տիտղոսները, այլեւ երկու հավաքականների մեկական թափուր տեղերը:

Կանանց առաջնությունը նախորդներից տարբերվում է անհամեմատ ուժեղ կազմով, ինչը խոստանում է պայքարին լրացուցիչ սրություն հաղորդել: Հենց այդ պատճառով էլ «Առավոտը» զրուցեց կանանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի հետ:

– Առաջին անգամ մեր երկրի կանանց առաջնությունում չորս գրոսմայստեր է հանդես գալիս: Այդ մասին ի՞նչ կասեք:

– Այո, Մարիա Կուրսովան, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը եւ Նաիրա Մովսիսյանը: Եվ հենց դրա համար էլ այս առաջնությունը ՖԻԴԵ-ի սանդղակով կանանց 4-րդ դաս է ստացել, մինչդեռ նախկինում առավելագույնը եղել է առաջին կարգի: Բայց այդ ուժեղացումն առայժմ դրսից եկած Կուրսովայի եւ Դոլուխանովայի ներուժի հաշվին է: Չնայած հուսով ենք, որ ներքինն էլ շուտով կաշխատի:

– Եթե առաջնության մակարդակը բարձրացել է, մարզական նորմաներ է՞լ են սահմանված:

– Այո, կանանց միջազգային վարպետի, որը բավականին բարձր է. 7,5 միավոր՝ 11 հնարավորից: Բացի այդ, առաջնության արդյունքներով որոշվելու է, թե ով է համալրելու մեր կանանց հավաքականի միակ թափուր տեղը: Ինչպես գիտեք, հինգ տեղերից չորսն անհատական վարկանիշներով զբաղեցնում են Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Հինգերորդի անունը որոշվելու է այս առաջնությունում:

– Բայց եթե Կուրսովան հաղթի, ինչպե՞ս է ընտրվելու հավաքականի հինգերորդ անդամը:

– Այդ դեպքում թափուր տեղը կհամալրի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը գրաված շախմատիստուհին: Ի դեպ, Հայաստանի կանանց առաջնության հաղթողը կամ երկրորդ տեղը գրավողը իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

– Մենք սովոր ենք Նելլի Աղինյանին տեսնել մեր հավաքականի կազմում:

– Նելլին այս պահի դրությամբ հավաքականի կազմում չէ: Դրա համար էլ մասնակցում է այս առաջնությանը: Ակնկալվում է, որ պայքարը կընթանա հենց նրա ու Դոլուխանովայի միջեւ:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 11 շախմատիստներ, որոնցից տասը գրոսմայստեր է, եւ միայն Կարեն Գրիգորյանն է միջազգային վարպետ, իսկ կանանց առաջնությանը՝ տասներկու շախմատիստ: Նրանք են:

Տղամարդիկ. Հրայր Սիմոնյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արտաշես Մինասյան, Ավետիք Գրիգորյան, Կարեն Գրիգորյան, Արման Փաշիկյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Լեւոն Բաբուջյան, Հրանտ Մելքումյան:

Կանայք. Մարիա Կուրսովա, Նելլի Աղինյան, Մարիա Գեւորգյան, Լիանա Աղաբեկյան, Նաիրա Մովսիսյան, Անահիտ Խառատյան, Եվգենյա Դոլուխանովա, Աննա Հայրապետյան, Շուշաննա Սարգսյան, Լիա Մարտիրոսյան, Հասմիկ Ղամբարյան, Նարինե Գասպարյան:

Առաջին տուրում գրանցված արդյունքները.

Տղամարդիկ՝

Ավետիք Գրիգորյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2

Ռոբերտ Հովհաննիսյան-Լեւոն Բաբուջյան՝ 1:0

Արտաշես Մինասյան-Տիգրան Պետրոսյան՝ 1:0

Սամվել Տեր Սահակյան-Հրանտ Մելքումյան՝ 1:0

Կարեն Գրիգորյան-Արման Փաշիկյան՝ 1:0:

Աղջիկներ՝

Մարիա Կուրսովա-Նարինե Գասպարյան՝ 1:0

Նելլի Աղինյան-Հասմիկ Ղամբարյան՝ 1:0

Մարիա Գեւորգյան-Լիա Մարտիրոսյան՝ 0:1

Լիանա Աղաբեկյան-Շուշաննա Սարգսյան՝ 1:0

Նաիրա Մովսիսյան-Աննա Հայրապետյան՝ 0:1

Անահիտ Խառատյան-Եվգենյա Դոլուխանովա՝ 1/2:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031