Լրահոս
Օրվա լրահոսը

Կամասուտրան՝ մարդկանց մարմիններին

Հունվար 12,2012 13:41

Մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ նրանց նախասիրությունները, ապրելակերպը, զբաղմունքը, ցանկությունները: Ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչպես ապրել, հագնվել եւ այլն: Եվ յուրաքանչյուրն իր ձեւով է կյանքից հաճույք ստանում. մեկը՝ երգելով, մյուսը՝ պարելով, մեկ այլ մարդ էլ՝ նկարելով: Մեկին դուր է գալիս նկարել կտավի վրա, մյուսին՝ պատերի, իսկ, օրինակ, «Առավոտի» զրուցակցին՝ մարդկանց մարմինների:

«Ես այլասերված չեմ, բայց դաջվածքներ եմ անում մարմնի ամենաինտիմ հատվածներում, նույնիսկ այն մասերում, որը հայերի գիտակցության մեջ չի տեղավորվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն 17 տարի դաջվածքներով զբաղվող Ալեքսը, որը մասնագիտությամբ նկարիչ է: Ալեքսի խոսքով՝ իր նկարներն անմահ են, ավելի ճիշտ՝ մեռնում են միայն այն դեպքում, երբ մարդն է մեռնում. «Կտավի վրա նկարելիս նյարդերս հանգստանում են, իսկ մարմինների վրա աշխատելիս ոչ միայն հանգստանում եմ, այլեւ հպարտանում, բավարարվածության զգացումով լցվում, որովհետեւ բացի այն, որ իմ արած tattoo-ները գրեթե չեն կրկնվում, դրանք նաեւ անմահ են. կտավը գուցե թրջվի, փչանա, հնանա, գույները խամրեն, կամ մեկն անզգուշաբար վարվի դրանց հետ ու փչացնի, իսկ մարմինների դեպքում ոչինչ չի սպառնում: Նկարածս ցմահ է՝ մարդն այն կրում է իր մաշկի վրա, այն չի վախենում ոչ ջրից, ոչ եղանակից, ոչնչից»:

Ալեքսն ապրում ու աշխատում է Մոսկվայում, նա նախկինում տված իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ուզում է Երեւանում «Tattoo» սրահ բացել, բայց փոշմանել էր, որովհետեւ հասկացել էր, որ իր աշխատանքներն այստեղ պահանջարկ չունեն: «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, երբ մեր համաքաղաքացիները նկատեն, որ փողոցով քայլող աղջկա կրծքին tattoo կա արված. երեւի այդ խեղճ աղջիկը տուն չի հասնի, ճամփին կմնա, կամ նրան կտանեն… Մեզ մոտ դեռ այդ կուլտուրան զարգացած չէ: Շատ քիչ առաջընթաց կա, Երեւանում հանդիպել եմ tattoo-ով աղջիկների: Չնայած՝ այստեղ եթե աղջիկները tattoo են անում, ապա մարմնի այն հատվածում են անում, որ դա չերեւա, ու միայն Քոբուլեթիում բացեն՝ ցույց տան, ինչն ինձ համար անհասկանալի է, կամ էլ այն աղջիկներն են անում, որոնք քիչ թե շատ առնչվում են show business-ին ու իրենց գլամուրային կերպար համարում: Բացի այդ՝ Հայաստանում միայն անշառ tattoo-ներ են անում»,- ժպտալով ասում է Ալեքսը, հավելելով, որ ինչպես Սովետական Հայաստանի տղամարդիկ էին պարտադիր խաչ, բաժակին փաթաթված օձ կամ աքլորի վերածված արծիվ դաջում, այժմ եւս այդ տիպի դաջվածքները հայերի համար մոդայիկ են համարվում:

Ալեքսն իր աշխատանքներում կարեւորում է ինքնատիպությունը: Նրա մեկնաբանմամբ՝ դաջվածք անողը պետք է կարողանա հասկանալ մարդու հոգին ու այնպիսի պատկեր նկարել, որը կսազի տվյալ անհատին. «Ինձ մոտ երբ գալիս են tattoo անելու, խոսում եմ նրանց հետ, փորձում հասկանալ նրանց ուզածը, ապա իրենց նկարագրածի հիման վրա 7-10 տիպի պատկերներ եմ նկարում ու մարդուն ընտրության հնարավորություն տալիս: Երեւանում այդպես չեն անում: Ասենք՝ մի աղջիկ գնա եւ ասի՝ իմ հետույքին գրուզավիկ նկարեք, հաստատ առանց մտածելու հենց այդպես էլ կանեն. դա սխալ է»:

Նշեմ, որ մեր զրուցակիցը սիրում է մեծ աշխատանքներ անել, նկարը՝ դաջվածքը, տեղավորել մարդկանց ամբողջ մարմնի վրա: Ալեքսը դաջում է ամեն ինչ՝ գիշատիչ կենդանիներից մինչեւ Կամասուտրա, որն էլ, ըստ նրա, առավել սեքսուալ է երեւում, երբ դաջում է հատկապես մարմնի ինտիմ հատվածներում: Կամասուտրայի թեման դաջվածքների տեսքով արտահայտելը նախեւառաջ արվեստ է համարում ու հորդորում՝ իր նման չվախենալ այլասերվածի պիտակավորումից: «Սիրում եմ բաց տեսարաններ նկարել, ես դեռ մանկուց սիրել եմ կնոջ կերպարը պատկերել: Այն շատ գեղեցիկ է նայվում ատլետիկ կազմվածք ունեցող տղամարդկանց մարմիններին: Չկարծեք, թե գեյ եմ, բայց տղամարդկանց մարմինների հետ աշխատել ավելի շատ եմ սիրում, որովհետեւ նրանք մեծամասամբ նախընտրում են մեծ tattoo-ներ: Իսկ մեծ աշխատանքներ անելն ինձ ավելի հաճելի է, քան, ասենք, աղջկա հետույքին մեկ հատիկ պղպեղ tattoo անելը: Ճիշտ է, դա գեղեցիկ է, սեքսուալ, բայց ամենից շատ մեծ գործերն եմ նախընտրում: Վերջում արածս գործին նայելիս երեւում է, թե ինչքան եմ չարչարվել»,- ավելացրեց Ալեքսը, որի ձեւակերպմամբ՝ դաջվածք անելը արվեստի տեսակ է, ոչ թե թիթիզություն կամ ինքնահաստատման միջոց:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031