ARMACAD գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ցեղասպանագիտական հարցերին նվիրված՝ աշխարհում գոյություն ունի 2 ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային պարբերական: Դրանք են՝ Journal of Genocide Research եւ Holocaust and Genocide Studies-ը:
«Հավանաբար քչերի մտքով կանցնի, որ բազմաթիվ ցեղասպանագետներ ունեցող Հայաստանի եւ ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սա կամ խոսում է ոլորտի կատարյալ բարձիթողի վիճակի մասին, կամ հայաստանցի ցեղասպանագետների՝ միջազգային գիտական հոսքին բացարձակ ինտեգրված չլինելու մասին: Հայտնի է, որ միջազգային ասպարեզում երկրի գիտական վարկանիշն ավելանում է տվյալ երկրից միջազգային պարբերականներում տպագրության ներկայացված հոդվածների քանակով նաեւ: Նշանակում է հայաստանցի ցեղասպանագետները որեւէ ներդրում չեն ունեցել մեր երկրի միջազգային գիտական վարկանիշի ավելացման գործում՝ առնվազն վերոնշյալ երկու միջազգային պարբերականներում հայաստանյան հեղինակների հոդվածների բացակայության առումով: Ես որպես հարկատու՝ խիստ մտահոգված եմ այս դառը իրողությամբ եւ տարակուսում եմ, թե ո՞ւր եւ հատկապես ո՞ւմ են տրվում իմ եւ այլոց վճարած հարկերը՝ որպես աշխատավարձ»,- մտահոգված է նա:
Պարոն Գեւորգյանը որոշ չափով իրավիճակը շտկելու, իսկ իրականում գիտություն-մասնավոր բիզնես կապը խթանելու եւ միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը կարեւորելու նպատակով խոստանում է տրամադրել 150,000 դրամ խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականին, ով 2012 թվականի ընթացքում նշյալ ցեղասպանագիտական միջազգային պարբրականներից որեւէ մեկում կտպագրի առնվազն 5000 բառ պարունակող հոդված:
«Առավոտ» օրաթերթ