Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիտարը, կամերայինը եւ մենք

Հունվար 12,2012 13:37

Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն առանց պետական կարգավիճակի անում է ավելին:  

Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը հովանավորչության մասին օրենք է ակնկալում:

Արեւմուտքում թագավորական պալատներում եւ նախագահական ընդունելությունների ժամանակ ամենաերաժշտական ֆորմաները (տրիո, կվարտետ, կվինտետից մինչեւ նվագախումբ) կամերային կազմերն են: «Առավոտի» հետ զրուցած աշխարհահռչակ երաժիշտներն առանց բացառության կարծես իրենց պարտադիր մասնակցությունն են ունենում կամերային որեւէ կազմում: Մինչդեռ մեզանում կամերային երաժշտության հանդեպ նման լուրջ վերաբերմունք է դրսեւորվում տխուր արարողությունների ժամանակ: Խիստ հազվադեպ են հանդիպում ուրախության տոներն ու ընդունելությունները (ներառյալ պետականը)՝ կամերային երաժշտության մասնակցությամբ: Հայաստանում կամերային պետական կոլեկտիվները 4-ն են՝ Կոմիտասի եւ Խաչատրյանի անվան լարային քառյակները, «Շելլ» դաշնամուրային տրիոն եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ): Նշված կոլեկտիվներից անցյալ տարի հաճախ հանդիպում էինք Կոմիտասի անվան լարային քառյակի, հազվադեպ էլ՝  ՀՊԿՆ-ի հայտագրերին:

Մշտապես ականջալուր էինք լինում դեռեւս պետական կարգավիճակ չունեցող, 1999թ. հիմնադրված Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի գործունեությանը, որի աշխարհագրությունը միայն 2011թ. ընթացքում Երեւանից, մարզերից, Արցախից ձգվեց՝ հասնելով Ռուսաստան, Վրաստան, Մոլդովա, Ավստրալիա:

2011թ. տրիոյի կողմից ստեղծված հիմնադրամի օժանդակությամբ Վանաձորի Ստ. Ջրբաշյանի անվան արվեստի դպրոցում բացվեց թավջութակի դասարան եւ այլն: Տրիոյի կազմում են դաշնակահարուհի, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Շահգալդյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Քոչարյանը:

«Առավոտը» զրուցեց տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանի հետ, քանի որ այս տարին հոբելյանական է երաժշտի համար. լրանում է նրա բեմական գործունեության 20-ամյակը: Մեր զրուցակիցը ուրախությամբ նշեց, որ կոմպոզիտորները վերջին շրջանում շատ են անդրադառնում կամերային ժանրին, նշելով միջին, ավագ եւ երիտասարդ սերնդի հայ կոմպոզիտորների  անուններ: Նա հիշեց հատկապես անցյալ տարի  Ռիգայում կայացած երեկոն. «Արամ Խաչատրյանի ուսանող, այժմ հայտնի կոմպոզիտոր Պելեցիսը իր կվարտետի պրեմիերան վստահեց մեզ, հրավիրելով նաեւ ալտահար Մաքսիմ Նովիկովին»: Տիկին Գրիգորյանը չդժգոհեց հանդիսատեսի պակասից, ցանկություն հայտնելով, որ էլ ավելի պետք է ավելացնել կամերային համերգների թիվը: Խոսելով հիմնադրամի գործունեության մասին, ասաց. «Յոթ երիտասարդ երաժիշտների կրթաթոշակ է հոգում հիմնադրամը: Գործընկերներիս հետ հաճախ ենք լինում մարզերում՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով, շուրջ 3 տարի է՝ գործում է «Երաժշտական սրահ անակնկալ» նախագիծը, որտեղ մրցույթով անցնող պատանի երաժիշտները հանդես են գալիս մեզ հետ: Սա էլ կամերային երաժշտության պրոպագանդման միջոց է»: Հետաքրքրվեցինք, թե քանի՞ անգամ են, օրինակ, մասնակցել պաշտոնական ընդունելությունների: Պարզվեց՝ ընդամենը մեկ անգամ: Եվ քանի որ Ա. Գրիգորյանը Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենն է, հարցրինք, թե  ինչո՞ւ չի օգտագործում «վերեւների» հետ շփվելու իր հնարավորությունը՝ տրիոյին պետական կարգավիճակ շնորհելու համար: Դաշնակահարուհին ընդամենը հայտնեց հետեւյալը. «Մանավանդ երբ արտերկրում ես եւ հայտարարվում է՝ պետական կոլեկտիվ, քեզ ավելի ամուր ես զգում, կարծես այդ պահին պետությունը մեջքիդ է կանգնած»: Իսկ թե որտեղի՞ց է «սնվում» հիմնադրամը, Ա. Գրիգորյանն ասաց. «Բարերարներն աշխարհում ազատվում են հազարումի հարկերից: Համոզված եմ, երբ վերանայվի օրենքի այս մասը, մեծ թվով գործարարներ կկանգնեն ոչ միայն մեր, այլեւ մշակույթի կողքին՝ ընդհանրապես»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031