Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկներն առողջացնում են Մեծ Շենը

Հունվար 12,2012 13:30

Նրանք ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղ ժամանակ են գյուղի կողքին

Նոր տարին սովորաբար նույնացվում է նոր սպասումների, ակնկալիքների ու նվիրական ցանկությունների իրականացման հետ: Իսկ եթե տարին սկսվում է լավ նորություններով, ապա հույսերը կրկնապատկվում են՝ տարին լավ է լինելու: Այս օրերին նման մթնոլորտ էր տիրում Մարտակերտի Մեծ Շեն գյուղում, որի փոքրիկ անկյունի բնակիչները սեւ վիշապի տարին նշանավորեցին նոր մանկապարտեզ հաճախելու հնարավորությամբ: Բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների հովանավորությամբ հունվարից սկսեց գործել Մեծ Շենի մանկապարտեզը: Սա, թերեւս, միակ հանրային նշանակության հաստատությունն էր, որի կարիքը հիրավի այս գյուղն ուներ:

Ծնունդով մարտակերտցի, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների անդամ, Նանսենի ոսկյա հուշամեդալի արժանացած Սառա Եսայանը աշխատում է մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեծ Շենում ծնված Կառլեն Եսայանը, որը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ԲՓԸ նախագահն է, ակադեմիկոս, իր մարդասիրական գործունեության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել էր «Երախտագիտություն» մեդալով:

Մեծ Շենում գտնվելու օրերին այցելեցինք գյուղի նորաբաց դպրոցը: Դպրոցի բացումը տեղի էր ունեցել անցյալ տարվա օգոստոսի 31-ին: Այս բժիշկների աջակցության շնորհիվ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ուսումնառության համար: Դպրոցն ապահովված էր համակարգչով, անհրաժեշտ տեխնիկայով եւ որ ամենակարեւորն է՝ ջեռուցման համակարգով, կաթսայատնով: Ի դեպ, նկատի ունենալով համայնքի առանձնահատկությունը՝ ջեռուցումն իրականացվում է փայտանյութով: Դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով, ում կիսանդրու բացումը տեղի էր ունեցել հենց դպրոցի բակում:

Անցյալ տարի օծվել է նաեւ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին:

Եկեղեցու պատին գրված էր. «Ի հայրապետության Գարեգին Բ կաթողիկոսի եւ առաջնորդությամբ Պարգեւա արքեպիսկոպոսի Կառլեն եւ Սառա Եսայանների բարերարությամբ կամովն Աստծոյ կառուցվեց Սուրբ Գեւորգ եկեղեցիս ի բարեխոսություն Թաբաղանց տոհմի 2011թ.»:

Եկեղեցու անմիջական հարեւանությամբ վեր էր խոյանում ինչպես հայրենական պատերազմի, այնպես էլ Արցախի ազգային ազատագրական պայքարին իրենց կյանքը նվիրաբերած մեծշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Եսայանների նախաձեռնությամբ կառուցվել էր մանկական խաղահրապարակ, իսկ դպրոցականների համար՝ լողավազան դպրոցի բակում եւ մարզադաշտ:

Մեծ Շենում տեղեկացանք, որ գյուղապետարանի համար էլ կառուցվել է նոր վարչական շենք: Գյուղը կառավարելու խնդիր, իրոք, ունի, քանզի բարերարները մտածել են ոչ միայն գյուղի բնականոն կյանքն ապահովելու համար կենսական նշանակություն ունեցող հասարակական, մշակութային եւ կրթական հաստատությունների կառուցման մասին, այլ աշխատատեղեր ստեղծելու մասին էլ: Բժիշկները գյուղին նվիրել են 2 արտադրամաս՝ քարի մշակման եւ մակարոնեղենի արտադրության: Քարերի մշակման սարքավորումը Մեծ Շեն էր տեղափոխվել ԱՄՆ-ից, իսկ մակարոնեղենինը՝ Իտալիայից, որն, ի դեպ, ժամում կարող է արտադրել 60 կգ մակարոն: Այդ սարքավորումները տեր եւ տիկին Եսայանները նվիրել են համայնքին՝ առանց շահույթ հետապնդելու:

Գյուղաբնակները ասացին, որ տարիներ շարունակ բարերարները որպես խրախուսանք 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ են տրամադրել 1-ին զավակ ունենալու համար, 2.000՝ 2-րդ երեխայի համար եւ այդպես շարունակ: Բժիշկները մտադիր են դրամական պարգեւ տրամադրել  մի քանի երեխա ունեցող ընտանիքներին:

Նկատենք, որ այս գյուղը բարեկարգվել եւ վերածնվել է միայն մեկ բարերարի՝ տվյալ պարագայում Եսայանների ընտանիքի շնորհիվ, իսկ քանի նման գյուղեր կարող են զարգանալ, եթե ամեն մի նման համայնքի հոգս փորձեն ստանձնել հայրենասիրությունը կենաց դարձրած գործարարները:

Մեծ Շենում դրա պատասխանն էլ կար. բժիշկները պատերազմի ժամանակ մեր մարտիկների կողքին եղան, բնական է, խաղաղության պայմաններում՝ գյուղի կողքին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Մարտակերտ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031