Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաձորում ներդրված մեծ փողերն անարդյունավետ են ծախսվել

Հունվար 12,2012 13:26

Ջրագիծը վթարվել է, մշակույթի տան առաստաղն էլ՝ ճաքճքել

Լուսաձոր համայնքի բնակիչներն «Առավոտին» բողոքել էին, որ իրենց համայնքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու կատարված մեծ ներդրումներն անարդյունավետ են եղել: Լուսաձոր այցելության ժամանակ զրուցեցինք համայնքապետ Սուրեն Քոչարյանի, համայնքապետարանի աշխատողների եւ գյուղի բնակիչների հետ: Ըստ Ս. Քոչարյանի, Լուսաձորում 2008-2009թթ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրով 83 միլիոն դրամով կառուցվել է խմելու ջրագիծ, 6 կմ երկարությամբ ներքին ցանց: Այդ ջրագծով մոտակա անտառից ջուրը ինքնահոս իջնում է ներքեւ, պոմպի միջոցով մղվում դեպի 100 տոննանոց 2 ջրամբար, որտեղից էլ կատարվում է առանձնատների սնուցումը: Գյուղապետն ասաց, որ Լուսաձորի տարածքում մի քանի տեղ ջրագծի վթարներ կան, ինչի հետեւանքով փոքր գյուղի կեսը՝ շուրջ 80 ընտանիք, ներկայումս չի կարողանում օգտվել այդ ջրագծից: Ներքին ցանցում, որոշ տեղերում ջրի պլաստմասսե խողովակներն անցնում են գետնի երեսով, ցրտից այդ խողովակները շարքից դուրս են գալիս: Գյուղացիների մի մասն իրենց տեղադրած ջրի հաշվիչները հանել են, որպեսզի դրանք էլ ցրտի պատճառով շարքից դուրս չգան: Համայնքապետարանի պատասխանատուների ներկայացմամբ՝ 83 միլիոն դրամով կառուցված ջրագիծը սպասարկող բանվոր չկա, եւ գյուղապետն անձամբ է կատարում փականների բացում-փակումը: Համայնքի ղեկավարն ասաց, որ մտադիր են 2 տարի առաջ կառուցված ջրագիծը փոխանցել «Հայջրմուղկոյուղի» ընկերության հաշվեկշիռ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրով՝ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, 21 միլիոն դրամով Լուսաձորում վերանորոգվել է մշակույթի տունը: Միհարկանի կառույցի նորոգման համար դա քիչ գումար չէ, եթե հաշվի առնենք, որ 2005թ. ծագումով Կոթիից՝ գործարար Յուրա Հարությունյանն այդտեղ խաղասրահ է կահավորել: Վերանորոգված մշակույթի տան բացումը կատարվեց մեծ շուքով՝ 2008թ. դեկտեմբերի 2-ին: Հայաստանում Իտալիայի դեսպան Մասիմո Լավեցցո Կասինելին մշակույթի տան առջեւի հրապարակում հանդիսավոր առիթով պարի շրջան մտավ: Սակայն եթե հիմա հարգարժան Կասինելին տեսնի մշակույթի տան դահլիճի խոնավ առաստաղը, հաստատ պարելու ցանկությունը կկորչի: Դահլիճի առաստաղը ջրի արտահոսքից վնասվել է: Լուսաձորի խմելու ջրագիծը կառուցել, մշակույթի տունը նորոգել է նույն կազմակերպությունը՝ «Գավառի համար մեկ շինվարչություն» ԲԲԸ-ն, որի տնօրենը Հրայր Մնացականյանն է: Գյուղապետ Սուրեն Քոչարյանից տեղեկացանք, որ Լուսաձորում շինարարական աշխատանքները ղեկավարել է Հրայրի եղբայր Հովիկը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031