Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինը տաք հագուստ, վառելիք ու սնունդ է ուզում

Հունվար 12,2012 13:21

Որպեսզի կարողանա ձմռան այս ցրտերին դիմանալ

Տիկին Գոհարն ամեն անգամ տուն մտնելիս ու դուրս գալիս Աստծուն փառք է տալիս, որ բարեհաջող իջավ-բարձրացավ: Փայտյա աստիճաններն այնքան փտած են, որ ամեն վայրկյան կարող են փլվել: Գոհար Գեւորգյանի պատմելով՝ մի կերպ կարողանում է հոգալ օրվա հացի խնդիրը եւ ոչ մի կոպեկ լրացուցիչ երբեք չի ունենում, որպեսզի կարողանա աստիճաններն ու տունը վերանորոգել: Նա ուզում է աշխատել, բայց, ինչպես ինքն է պատմում, տարիքով պայմանավորված՝ նրան հրաժարվում են աշխատանք տալ: «Մեկ-մեկ կանչում էին՝ տուն էի մաքրում, պատուհաններ լվանում, իսկ այս սեզոնին այլեւս նման աշխատանքի պահանջ չկա: Որքան փորձում եմ այլ աշխատանքներ գտնել՝ չի ստացվում: Իմ տարիքի կանանց համար աշխատանք գտնելը շա՜տ բարդ է, անգամ հավաքարարի ազատ տեղեր այլեւս չկան»: Տիկին Գոհարի փոքրիկ ընտանիքի միակ եկամտի աղբյուրը որդու օրական 1000 դրամն է, որը վաստակում է պահակություն անելով: Արհեստավորների թիվ 47 հասցեում գտնվող Գ. Գեւորգյանի տանը նույնիսկ տարրական պայմաններ չկան՝ սեփական հիգիենային հետեւելու համար: Ձմռան այս ցրտին էլ տաքանում են դրսից ու աղբամաններից հավաքած փալաս-փուլուսներ ու ստվարաթուղթ վառելով. «Տանը ջրի խողովակներ էլ չկան, օրը մի քանի անգամ ջուր եմ կրում: Ժամանակին դիմել էի «Երեւանջրին», սակայն ինձ վստահեցրին, որ ինքս պետք է 300 մետր փոս փորեմ եւ ինքս էլ խողովակները քաշեմ: Ջրի հարցը լուծելու համար նույնիսկ դիմել եմ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, բայց ոչ մի պատասխան էլ չեմ ստացել: Ճարահատյալ եմ դիմում այս քայլին, բայց խնդրում եմ՝ ով ինչով կարող է՝ թող օգնի: Ես տաք հագուստի, սննդի, առաջին անհրաժեշտության կենցաղային եւ տնտեսական իրերի կարիք ունեմ: Հնարավոր է՝ որեւէ մեկը, օրինակ՝ վարագույր, ջրի խողովակ կամ փական կարողանա տրամադրել ինձ: Կամ գուցե ինչ-որ մեկն ինձ մշտական աշխատանքի հրավիրի: Այլեւս անհնար է այսպես ապրել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031