Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է

Հունվար 12,2012 13:17

Գործարար Սիլվա Համբարձումյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է:

Մարզպետը անցած տարվա նոյեմբերի 14-ին հյուրանոցի նախասրահում հարվածել էր Սիլվա Համբարձումյանին, սակայն «ծեծի» հատկանիշներով հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը մեկ ամիս անց կարճեց` հիմնավորելով, որ Սուրիկ Խաչատրյանը կնոջը, ճիշտ է, մեկ անգամ ձեռքով հարվածել է, բայց դա ավելի շատ հրելու է նման, քան ծեծի` քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Այս հիմնավորումից եւ նախաքննության օբյեկտիվությունից  դժգոհ` Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը բողոք էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունով։ Գլխավոր դատախազը բողոքը վերահասցեագրել է գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ եզրակացրել է, որ նորմալ քննություն է ընթացել, որոշումը օբյեկտիվ է, Սիլվա Համբարձումյանի բողոքն էլ` անհիմն։

Կարեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախաքննական մարմինը հրաժարվում է իրեն տրամադրել մարզպետի, դեպքի ականատեսների ցուցմունքների պատճենները, ինչպես նաեւ տեսագրության պատճենը, որպեսզի կարողանա համադրել ու համեմատել դրանք։ Բայց ընդամենը մեկ անգամ  հնարավորություն ստանալով դրանք ընթերցել ու դիտել` փաստաբանը համոզվել է, որ «շատ մակերեսորեն է քննությունը կատարված». – «Որոշման մեջ, մասնավորապես, նշված էր, թե դա հարված չի եղել, այլ հրոցանման ինչ-որ մի բան է եղել։ Ու երբ ես տեսա ձայնագրությունը, ես հասկացա, որ դա առնվազն անհեթեթություն է, թե դա հրոցի է նմանվել, որովհետեւ դա որ հարված էր եւ, ընդ որում, սաստիկ հարված էր` ինձ համար ակնհայտ էր»։

«Հարվածը, այնուամենայնիվ, բռնի գործողություն է եւ, իմ կարծիքով, քրեորեն դատապարտելի։ Հակառակ պարագայում` կարելի է ցանկացած մարդու հենց հիմա գնալ ապտակել եւ ասել` «ընդամենն ապտակեցինք», սկսած ամենաբարձր պաշտոնատարից, վերջացրած ամենաներքեւի պաշտոնատարով, կամ ցանկացած մարդու` ով ում ուզի կապտակի», – ընդգծեց Թունյանը` հավելելով. – «Ամբողջ հարցը այն է, որ համառորեն մեզ մերժում են նյութերի պատճենները տրամադրել, ինչը, իմ կարծիքով, ապօրինի է եւ կատարվում է բացառապես մեկ նպատակով` որպեսզի Սիլվա Համբարձումյանի իրավունքները հնարավոր չլինի պաշտպանել»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է նոր բողոք ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ մերժում ստանալու դեպքում դիմելու են դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031