Ի՞նչ ընտրություններ են սպասվում Հրազդանում
Փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Գործող քաղաքապետը արդեն չորրորդ անգամն է փորձելու վերընտրվել, իսկ այլընտրանքը ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն է: Իհարկե, երեկ ավելի ուշ հայտնվեց եւս մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետի խորհրդականը, բայց դա հենց այն այլընտրանքը չէ, որը պետք է լիներ: Ընտրության հնարավորությունները, ինչպես ասում են, խիստ սահմանափակ են. աջ գնան, թե ձախ՝ ընտրությունը լինելու է ոչ շռնդալից: «Առավոտը» դեռ անցած տարեվերջին էր գրել, որ կրքերը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ գնալով շիկանալու են: Եվ արդեն այսօր, երբ հայտնի են թեկնածուները՝ եւ հրազդանցիները, եւ քաղաքական ուժերը, եւ վերլուծաբանները պարզապես շփոթմունքի մեջ են: Հասկանալի է, որ եւ գործող քաղաքապետը, եւ Սասուն Միքայելյանը, եւ խորհրդականը ունեն իրենց ընտրազանգվածները, եւ հասկանալի է, որ սրանք էականորեն իրարից տարբերվող են: Հասկանալի է նաեւ, որ երբ մեկը չորս անգամ շարունակ վերընտրվում է միեւնույն պաշտոնում, մարդիկ այդ մեկից որոշակի հոգնածություն են զգում: Հասկանալի է նաեւ, որ ամբողջ Հրազդանը ընդդիմադիր չէ, եւ այստեղ եւս կան մարդիկ, որոնց համար այլընտրանքը ամենեւին էլ ընդդիմադիր թեկնածուն չէ: Ուրեմն ինչո՞ւ այս դեպքում իշխանությունները չունեն իրենց սեփական այլընտրանքը եւ նորից ու կրկին քաղաքապետի պաշտոնում են առաջադրում նույն թեկնածուին: Կադրային սով դժվար թե լինի, ուրեմն ինչու՝ նույն թեկնածուն, գուցե այնքան լավ է աշխատել, որ նրան արժանի ուրիշ մեկին չեն էլ փորձում գտնե՞լ կամ գուցե համարում են, որ ներկայացվածները Սասուն Միքայելյանին արժանի՞ մրցակիցներ են: Իսկ գուցե Հրազդանում նույնպե՞ս աշխատելու է Իջեւանի սցենարը: Ժամանակին, երբ Իջեւանում էին քաղաքապետ ընտրում, նույն իրենք՝ Հանրապետականներն էին խոստովանում, որ գործող քաղաքապետից բացի՝ ում թեկնածությունն էլ դնեին, կընտրվեր: Մյուս կողմից՝ եթե Իջեւանում հաղթողը դարձյալ կոալիցիոն ուժի ներկայացուցիչն էր, ապա Հրազդանում իրավիճակը այլ է:
Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզը խիստ դժվար մարզ է, եւ այստեղ մարզպետը եւս երկարակյաց է եւ արդեն շուրջ 11 տարի պաշտոնավարում է: Մեր պատկերացմամբ՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները իրականում լինելու են մարզպետի ընտրություններ, եւ որքան ջանք թափելու է գործող քաղաքապետը վերընտրվելու համար (եթե ջանք թափելու է), նույնքան եւ գուցե ավելի ջանք պետք է թափի մարզպետը, քանի որ Հրազդանի պես քաղաքը ընդդիմության թեկնածուի տնօրինությանը հանձնելը խիստ վտանգավոր է նույն իշխանության համար: Թեպետ, մյուս կողմից էլ, եթե ընդդիմության թեկնածուն դառնա քաղաքապետ, անմիջապես կդառնա իշխանության ներկայացուցիչ, քանի որ քաղաքը ղեկավարվում է իշխանական լծակներով, եւ ինչ էլ անի ընդդիմադիր որեւէ քաղաքապետ, չի կարող իշխանության գլխից վեր թռչել, քանի որ անմիջապես եւ ֆինանսական աղբյուրները կփակվեն, եւ այլ լծակներ: Իսկ եթե առանձին վերցրած՝ մեկ քաղաքում փորձ է արվում քաղաքական էքսպերիմենտներ անել, ապա դա, անկասկած, բավական ռիսկային է լինելու ոչ միայն իշխանության, այլեւ նույն ընդդիմության համար:
Հոգեբանները ապացուցել են, որ խանդը կարող է լինել կառուցողական եւ ապակառուցողական: Հոգեբանների խոսքերով՝ կառուցողական խանդը հաղթահարելի է:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանի եւ Կոտայքի մարզպետի հարաբերությունները վատ են եղել ի սկզբանե, եւ պատճառը եղել է խանդը, քանի որ ազատամարտիկ Սասուն Միքայելյանին, ով մինչ այդ տեր ու տիրական էր եւ Հրազդանում, եւ մարզում, մարզպետը ժամանակին շատ քիչ հնարավորություններ է թողել՝ մարզում ազատ գործելու: Հիմա եկել է պահը, եւ Սասուն Միքայելյանը փորձելու է ռեւանշ վերցնել: Իսկ թե ինչու Սասուն Միքայելյանի թեկնածությունը չի առաջադրել ՀԱԿ-ը, դա արդեն ուրիշ պատմություն է: Ըստ որոշ վերլուծությունների՝ ՀԱԿ-ը, իհարկե, կպաշտպանի Սասուն Միքայելյանին, սակայն միաժամանակ կլուծի ՀԱԿ համամասնական ընտրացուցակի հարցը: Եթե պարոն Միքայելյանը ընտրվի քաղաքապետ, նրան կասվի՝ որ էլ ինչո՞ւ ես ուզում ցուցակում լինել, արդեն քաղաքապետ ես: Իսկ եթե չընտրվի, ապա, անշուշտ, կասվի՝ էլ մեզնից ի՞նչ ես ուզում, անգամ քո հարազատ քաղաքում քեզ չընտրեցին: Ու այս մեկի հարցը կփակվի: Հասկանալի է, չէ՞, որ ցուցակն առաձգական չէ: Էլեկտրոնային կայքերից մեկի հետ զրույցում պարոն Միքայելյանը, պատասխանելով ՀԱԿ-ի՝ իրեն սատարելու մասին հարցին, ասել էր. «Էտի ՀԱԿ-ը կորոշի: Ո՞նց կարա չպաշտպանի: Բոլոր ուժերն էլ պտի պաշտպանեն, գիտակից ուժերը, կուսակցությունները, կազմակերպությունները պտի պաշտպանեն: Ստեղ քաղաքի հարցն ա, եկեք չտանենք քաղաքականության դաշտ: Էսօր եթե վերցնենք, Հրազդանում մի քանի կուսակցություններ կան, գրասենյակներ ունեն, վերջիվերջո ստեղի բնակիչներ են, չէ՞, էդ մարդիկ էլ են շահագրգռված, որ քաղաքը տեսքի գա, նորմալ ըլնի, օրենք գործի: Ես գալիս եմ մարդկանց իրավունքները պաշտպանեմ: Բոլորն էլ կուզենան նորմալ քաղաքում ապրել, նորմալ քաղաքապետ ունենալ»:
Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12-ին կայանալիք ընտրությանը ընդառաջ՝ բազմաթիվ վերլուծություններ են արվում, Կոտայքի մարզպետը խոստանում է ազատ եւ արդար ընտրությունների ապահովում, թեկնածուներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, խոստանում է հաղթել, առայժմ ոչ մի խոսք չի ասել գործող քաղաքապետը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ