Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում անկախ մարմին կա՞, որ էթիկայի հանձնաժողովը անկախ լինի

Հունվար 12,2012 13:06

Ընդդիմադիր գործիչների դիտարկմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման գաղափարը ետին նպատակներ ունի:

Հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը: Օրենքը ՀՀ խորհրդարանում ընդունվել էր դեռեւս անցյալ տարվա կեսերին, բայց դրա եզրափակիչ եւ անցումային դրույթների համաձայն՝ այն ուժի մեջ էր մտնելու եւ մտավ 2012թ. հունվարի 1-ից: Օրենքի առանձին հոդվածներ, այդ թվում՝ հանձնաժողովի ստեղծումը, ուժի մեջ էր մտել դեռ 2011-ի նոյեմբերի 1-ից, բայց իր գործունեությունը սկսելու էր ոչ ուշ, քան 2012թ. հունվարի 20-ը։ Հիշեցնենք, որ սույն օրենքով հիշյալ հանձնաժողովին վերապահված գործառույթների թվում են՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը եւ էթիկայի կանոնների խախտման բացահայտումը ու դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Ըստ էության, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է մի մարմին, որն օժտված է նաեւ այնպիսի գործառույթներով, որոնց մի մասն այսօր էլ, ցանկության դեպքում, կարող են իրականացնել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ նախագահի, ԱԺ վերահսկողական ծառայությունները կամ իրավապահ մարմինները, ասենք՝ դատախազությունն ու ոստիկանությունը, որոշ դեպքերում՝ ՀՔԾ-ն, որովհետեւ հանձնաժողովին վերապահված գործառույթներն ուղղակիորեն կարգավորվում են հենց գործող օրենքներով, որոնց խախտման դեպքում համարժեք իրավական պատասխանատվություն սահմանելու համար կան քաղաքացիական ու քրեական դատարաններ: Իսկ եթե հանձնաժողովի կողմից բացահայտված խախտումների դեպքերում պատասխանատվությունն իրավական չի լինելու, այլ լինելու է զուտ խորհրդատվական առաջարկ կամ էլ «իշխանության ուժով» հարկադիր կատարման ենթակա, ապա հանձնաժողովը կարող է շատ արագորեն վերածվել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործառույթներ իրականացնող մի հերթական պետական օղակի:

Նախկինում պետեկամուտների նախարար, նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, իսկ այսօր ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը aravot.am-ի հետ զրույցում  մեկնաբանելով այս հանձնաժողովի ձեւավորման փաստը՝ ասաց, թե սույն հանձնաժողովի որոշ գործառույթներ պատկանում են ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեին, որը կարող էր դրանք իրականացնել, եթե լիներ երկրի բարձրագույն քաղաքական այրերի քաղաքական կամքը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց, թե այդ՝ մասնավորապես բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գույքի եւ եկամուտների հայտարարագրի եւ դրանց վերաբերյալ իրական փաստերի բացահայտումը կամ դրանց համադրման մասին տեղեկության տրամադրումը ՊԵԿ-ի գործառույթն է. «Հանձնաժողովի գործառույթներից մեկը, ըստ էության, հենց այդ համադրությունն է, եւ նա ոչ միայն պետեկամուտների կոմիտեից, այլ նաեւ այլ աղբյուրներից կարող է նման տեղեկություններ ստանալ, հարցումներ անել՝ պարզելու համար, թե կոնկրետ բիզնեսը որեւէ կապ ունի՞ բարձրաստիճան որեւէ պետպաշտոնյայի հետ: Պետեկամուտները կարող է տալ միայն այն տեղեկությունը, որն իր մոտ պաշտոնապես գրանցված է, բայց կոնկրետ բիզնեսի հետ պետպաշտոնյայի հնարավոր կապը արձանագրել չի կարող, որովհետեւ նա օրենքով այդ լիազորությունը չունի, իսկ նորաստեղծ հանձնաժողովն ունի»:

Այսուհանդերձ, «Ժառանգության» ներկայացուցիչն էլ արձանագրեց, որ հիշյալ օրենքի ու հանձնաժողովի ստեղծումը շատ որոշակի առնչություններ ունի առաջիկա ընտրությունների հետ. «Ցավոք, մեր երկրում դեռեւս որեւէ անկախ հանձնաժողով կամ պետական մարմին չկա, որն օրենքով սահմանված իր գործառույթները ամբողջ լիազորությամբ իրականացնի: Դրանք բոլորն էլ որոշակի թելերով կապված են իշխանությանը եւ, ըստ էության, իշխանության կամակատարն են եւ ոչ թե անկախ գործունեություն են իրականացնում: Այնպես որ՝ քանի դեռ մեր երկրում կառավարման համակարգում իրական հակակշիռներ չեն ներդրվել, նույնիսկ Սահմանադրությամբ՝ անկախ դատարանը անկախ չի, բնականաբար, այդ մարմիններն իրենց գործառույթները չեն կարողանալու իրականացնել ու լինելու են ընդամենը իմիտացիոն»:

Իսկ հանձնաժողովը որպես մահակ կարո՞ղ է օգտագործվել: Բանն այն է, որ դրա ձեւավորման հրամանագրի հրապարակումից հետո ոմանք նկատեցին, թե այն կոչված է լինելու Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին կամ մրցակիցներին, օրինակ՝ ԲՀԿ-ին, զսպելուն: «Որպես մահակ կարող է օգտագործվել, կարծում եմ, հիմնականում հենց իշխանության անհնազանդ ներկայացուցիչների համար: Ընդդիմության դեմ դա կիրառվել չի կարող»,- նկատեց պատգամավորը՝ մասնավորեցնելով, թե դա ավելի շատ ընդհանուր մոտեցում է լինելու, քան կոնկրետ ուժին կամ, օրինակ, ԲՀԿ-ին միտված քայլ, որովհետեւ «խելոք պահել բոլորին է պետք»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031