Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեգործական պրոցես

Հունվար 12,2012 13:00

Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից «Առավոտ» թերթին. «Տեսեք, մեծամասնականով առաջադրվում են, այսպես ասած, օլիգարխները կամ գործարարները, եւ մարդիկ նրանց ընտրում են: Քանի դեռ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ անձանց, մեծամասնականը պետք է լինի: Բնականաբար, մտավորականը կամ ինտելիգենտ մարդը չի կարող տանիք վերանորոգել, ծախսեր անել, գործարարը կարող է, այսինքն՝ մեր հասարակությունը դեռեւս դրա կարիքը զգում է, եւ եթե մենք փակենք այդ լուսամուտը, շատ հնարավոր է՝ այլ բաներ լինեն: Իսկ այս դեպքում հասարակությունը կարծես օգնության կարիք է զգում, եւ հենց այդ բիզնեսմենները այդ օգնությունը տալիս են: Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, կարելի է ասել՝ ընտրական, բարեգործական ինչ-որ պրոցես է (ծիծաղում է)»: Ես էլ եմ ծիծաղում պարոն Զոհրաբյանի հետ միասին: Որովհետեւ այդ պատգամավորը միանգամայն ճշգրիտ է բնութագրել արդեն գրեթե 17 տարի Հայաստանում տեղի ունեցող ընտրական, իսկ ավելի լայն իմաստով՝ քաղաքական պրոցեսները: Քանի որ ժողովրդին, հասարակությանը մտավորական մարդիկ պետք չեն, այլ պետք են տանիք վերանորոգողներ եւ ծախս անողներ, շատ տրամաբանական է, որ հենց այդպիսի մարդիկ պետք է լինեն խորհրդարանում: Ինչի՞ համար՝ դուք կհարցնեք: Շատ պարզ. որպեսզի կառավարությունում եւ պետական ղեկավարման այլ օղակներում նստած՝ իրենց նման ոչ մտավորական մարդկանց հետ միասին կարողանան շռայլորեն օգտվել կյանքի բարիքներից: Իսկ ժողովուրդը եւ հասարակությունը, որն այս 17 տարում արդեն հասցրել է վերջնականապես հուսահատվել եւ բարոյալքվել, պետք է բավարարվի վերանորոգված տանիքով եւ իր վրա ծախսած այլ մանր գումարներով: Դա է նրա պահանջարկը, եւ եթե, ի դեմս մեծամասնական պատգամավորների, դրան ընդառաջ կստեղծվի համապատասխան առաջարկ, կլինեն «այլ բաներ», ըստ երեւույթին՝ սոցիալական բունտ:

Ամենահետաքրքիրն այն է, որ պարոն Զոհրաբյանի ասածների մեջ կա ռացիոնալ հատիկ: Նա արձանագրում է իրականությունը՝ իր ստատիկ, քարացած վիճակով: Ժողովուրդն ուզում է նայել արյունոտ սերիալներ՝ նրան ցույց են տալիս դրանք, ուզում է լսել ռաբիս երաժշտություն՝ նրա համար դա նվագում են, ցանկանում է, որ պատգամավորները վերանորոգեն իրենց տանիքները՝ նրանք էլ վերանորոգում են: Մի խոսքով՝ աշխատավորների բազմաթիվ խնդրանքներով քաղաքականությունը փոխարինվում է բարեգործությամբ:

Շատ լավ: Ենթադրենք, այդպես է: Միայն թե հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չկազմակերպել 100 տոկոսանոց մեծամասնական ընտրություններ: Ավելի շատ տանիքներ կվերանորոգվեն: Բայց այդ դեպքում ինչի՞ համար են պետք կուսակցությունները: Այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031