Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոդատարանը չպե՞տք է քննության առներ Հայաստանից եւ Ադրբեջանից փախստականների դիմումները

Հունվար 12,2012 11:02

Լեռնային Ղարաբաղի պատերազմից 18 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է ընդունել երկու գանգատ, որոնցից երկուսի դեպքում էլ հայցվոր քաղաքացիները պնդում են, որ 1992 թվականին իրենց իսկ տներից վտարվել են պատերազմի պատճառով։ Նրանք այդպես էլ չեն կարողացել հետ վերադառնալ իրենց տները նույնիսկ 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրից հետո։ Ընդդեմ Ադրբեջանի հայցը 2006 թվականին Եվրադատարան ներկայացրել է Մինաս Սարգսյանը, ում ընտանիքին ադրբեջանական բանակը ստիպել է դուրս գալ Շահումյանի շըջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տնից։ Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, եւ դատարանում նրա շահերը այժմ ներկայացնում են նրա կինն ու երեք երեխաները։ Ընդդեմ Հայաստանի գանգատը 2005 թվականին ներկայացրել են էթնիկ քուրդ վեց ընտանրքներ, ովքեր, համաձայն հայցի, ստիպված են եղել լքել Լաչինի շրջանում գտնվող իրենց նախկին տները՝ հայկական բանակի՝ բնակավայր մտնելուց հետո։ Երկու կողմերն էլ պնդում են, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները ոտնահարված են։

Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն էր տարածել, թե հայկական կողմի գանգատը մերժվել է եւ հօգուտ ադրբեջանական գանգատի ինչ-որ որոշումներ են ընդունվել։ Սակայն մեզ հետ զրույցում իրավաբան Արա Ղազարյանը նշեց, որ, ըստ էության, որոշումներ չեն եղել, կարեւոր որոշումը կլինի դատարանի վճիռը։ Իսկ թե վճիռը երբ կհրապարակվի, պարզ չէ. ժամկետների վերաբերյալ հստակ ընթացակարգեր չկան։ Հավանական է, որ դա կլինի կամ այս կամ մյուս տարի։

Մինչդեռ բրիտանական BBC-ն գրում է, որ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական կառավարությունները ներկայացնող իրավաբանները նշում են, թե գանգատները պետք է մերժվեին, քանի որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ Եվրակոնվենցիային միացել են 2002 թվականին, այսինքն՝ դեպքից տասը տարի անց։ Սակայն դատավորները երկու գործերն էլ վարույթ են ընդունել, քանի որ հայցվորները Կոնվենցիայի ընդունումից հետո էլ չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Դատարանը նաեւ ընդունելի է համարել այն, որ հայցվորները ԵԴ դիմել են իրենց երկրների՝ Կոնվենցիային միանալուց 2-3 տարի անց՝ խախտելով վեցամսյա ժամկետը։ Պատճառաբանությունն այն է, որ նրանք խնդրի լուծումը տվյալ դեպքում կապել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ. «Այսինքն՝ դատարանը համարել է, որ ժամկետի ձգձգումը անհարկի չի եղել»։

Սակայն այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն. Եվրակոնվենցիային միացել է Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Իրավաբանի համար հետաքրքիր է, թե ինչ հիմքով է հնարավոր պատասխանատվության կանչել ՀՀ-ին, եթե բնակիչները տեղահանվել են ներկայումս ԼՂՀ սահմաններում գտնվող տարածքից. «Իսկ ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանը պետք է պատասխանատվության կանչվի Լաչինում տեղի ունեցածի համար. սա է կենտրոնական հարցն ինձ համար»։

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031