Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ 2012-ին ընտրական պայքարը կընթանա հիմնականում մի քանի ուժերի միջեւ։ Հովհաննիսյանը մրցակիցներին պայմանականորեն բաժանում է երկու խմբի՝ «ա» եւ «բ»: «Ա» խմբում, ըստ նրա, ընդգրկված են երեք հիմնական ուժերն ու մրցակիցները՝ «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական կուսակցություն եւ Հայ ազգային կոնգրես։ «Բ» խմբում Հ. Հովհաննիսյանն առանձնացնում է Դաշնակցությանը, «Ազատ դեմոկրատներին» եւ «Ժառանգությանը»։
Բնականաբար, կլինեն ցուցակներ նաեւ այլ կուսակցություններից, որոնք, ըստ նրա, խորհրդարան մուտք գործելու նույնիսկ նվազագույն շանսեր չունեն եւ կարող են միայն որոշակի տոկոսներ հավաքել ու նվիրել հիմնական ուժերին՝ դրա հաշվին նրանցից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով։ Վերջիններիս ճակատագիրը, ըստ քաղաքագետի, կկիսի նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը, Հովհաննիսյանի կանխատեսումներով, հազիվ թե կարողանա ընտրություններում 2 տոկոս ձայն հավաքել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կարողանա ստանալ այդ 2 տոկոսը, ապա Արթուր Բաղդասարյանը դրանք կփոխարինի կա՛մ մի ինչ-որ պաշտոնի հետ, կա՛մ կպահպանի իր ներկայիս պաշտոնը։
«Երկիր»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ՀՀԿ-ի եււ ՀԱԿ-ի համար պետք է որ միանգամայն ընդունելի լինի «Բարգավաճ Հայաստանի» ինքնուրույն մասնակցությունն ընտրություններին՝ որպես երրորդ ուժ, քանզի, եթե ԲՀԿ-ն աջակցի այդ երկու հակառակորդ եւ առճակատման գնացող ուժերից որեւէ մեկին, ապա մյուսը կհայտնվի աննախանձելի վիճակում։
Կարդացեք նաև
«Երկիր»