Այսօր` հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցում, Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, «Ռենջ Ռովեր» մակնիշի 70 TT 707 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 17 ՍԼ 609 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ: Նշված վայրում առաջացել էր հսկայական խցանում, քանի որ հավաքվել էին հետաքրքրասեր քաղաքացիներ, իսկ ՃՈ աշխատակիցները փորձում էին տարածքը ազատել խցանումներից:
Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները` «Ռենջ Ռովեր»-ի վրայից հանել էին հետևի համարանիշը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ռենջ Ռովեր»-ը վարել է Արթուր Հարությունյանը, իսկ «Նիսսան Պատֆայնդեր»-ը` Հովհաննես Հովսեփյանը: Դեպքի վայրում «Ռենջ Ռովեր»-ի համար վթարի վայր ժամանած ինչ-որ երիտասարդներ փորձում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին համոզել, որպեսզի չարձանագրվի տեղի ունեցած ավտովթարը: ՃՈ աշխատակիցների կանչով դեպքի վայր ժամանեց ՃՈ հետաքննիչը:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ