Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը Ամանորից ուղիղ 2 օր առաջ` Գյումրու կուսանոցում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ Aravot.am-ին խոստացավ, որ Շիրակի մարզում այլևս կրակոցներ չեն հնչի, ու չնայած մարզպետ Աշոտ Գիզիրյանը նրան անմիջապես սաստեց` ասելով, որ նման խոստում չի կարելի տալ , այդուհանդերձ ոստիկանապետն արդեն խոստացել էր: Խոստումից ուղիղ 11 օր անց` Շիրակ մարզի Արթիկ քաղաքում հնչեցին կրակոցներ, ընդ որում «ռազբորկայի» մեջ մտան Բաբակեխյանի աշխատակից ոստիկանն ու կրիմինալ ուժերը:
Հիշեցնենք, որ նախնական վարկածով 25-ամյա ոստիկան Լուկաշ Մինասյանի` Ռուսաստանում գտնվող եղբայրը, կրիմինալների բառապաշարով ասած՝ «քաշել» է հարակից գյուղի քրեական հեղինակության` Անուշավան Բաղդասարյանի խոպան գնացած եղբորը, ինչն էլ դարձել էր աղմկոտ հաշվեհարդարի պատճառ: Անուշավանը գողացել էր ոստիկանին, մի խումբ գետափցիների հետ տարել էր իր ծանոթի սրճարան, հայհոյել, ծեծել, ահաբեկել, որին ի պատասխան, ոստիկանը գործի էր դրել ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակը` վնասելով գետափցու ոտքերը:
Տարածված լուրերի համաձայն, գետափցի Անուշավան Բաղդասարյանը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի թիկնազորից է, նրա սպանված հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի մտերիմը: Ու չնայած մի քանի ժամ առաջ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Aravot-am-ին տված հարցացրույցում վստահեցրեց, որ իրեն ընտրությունների նախաշեմին սևացնում են, ինքը Անուշավանի հետ 5 տարի է` կապ չունի, այդուհանդերձ մենք ԲՀԿ-ի մարզային գրասենյակից փորձեցինք նորից ճշտել`այդ դեպքում ինչու է ԱԺ պատգամավորի հորեղբոր որդին`Ռուստամ Գիրգորյանը, հենց Գետափ գյուղում կազինո հիմնել:
Ի դեպ, մենք 3 տարի առաջ անդրադարձել էինք գետափցիների ահազանգին, ովքեր բողոքում էին, թե պատգամավորի հորեղբոր որդին, որը Գյումրու գազի գրասենյակի փոխտնօրենն է, «դուրս է գցել» գյուղի երիտասարդությանը, նրա կազինոյում դրսից խաղացողները ձեռքի հետ աղջիկներ են տանում-բերում, իսկ գյուղի ջահելները, մոդայից հետ չմնալու համար, տան կով ու ոչխարն էին ծախում, պարտքեր էին անում ու կազինո հաճախում:
Կարդացեք նաև
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի օգնական Աղասի Աբրահամյանը այս հարցի հետ կապված պարզաբանեց հետևյալը. «Որտեղ ասես, ինչ գործ ասես դնում են, Ռուստամ Գրիգորյանը կազինո էր հիմնել նաև Ախուրյանում, հիմա Գետափի կազինոն չի աշխատում, փակվել է եկամտաբեր չլինելու պատճառով, և գետափցի Անուշավան Բաղդասարյանը բացարձակապես առնչություն չունի կազինոյի հիմնադրման ու փակման հետ: Դուք ինձանից լավ գիտեք, թե ըստ օրենքի, որտեղ կարելի է կազինո հիմնել. այն պետք է լինի ճանապարհից, բնակավայրից հեռու, Գետափը այդ չափանիշներով է ընտրվել, այստեղ գետափցի ծանոթներ ունենալը դեր չի խաղացել»:
Նշենք, որ Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի վիրաբուժական հիվանդանոցում գտնվող գետափցի Անուշավան Բաղդասարյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ