Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. Այս հանձնաժողովի միջոցով կստեղծվեն նոր կոմպրոմատներ

Հունվար 11,2012 21:42

Նախկինում պետեկամուտների նախարար, նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, իսկ այսօր ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձեւավորման փաստը, ասաց, թե սույն  հանձնաժողովի որոշ գործառույթներ պատկանում են  ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեին, որը կարող էր  դրանք իրականացնել՝ առանց այս հանձնաժողովի ստեղծման էլ:  «Տասը հատ էլ հանձնաժողով ստեղծեն՝ եթե երկրի բարձրագույն  քաղաքական այրերը քաղաքական կամք չունեցան այդ գործառույթն իրականացնել, որեւէ հանձնաժողով մեր երկիրը չի փրկի»,- հայտարարեց Սմբատ Այվազյանը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի եւ այսօրինակ հանձնաժողովի  ստեղծման նպատակը, ըստ նախկին նախարարի եւ նախկին պատգամավորի, շոուի տարրեր է պարունակում եւ պետք է դիտարկել նախընտրական  գործընթացների համատեքստում:

Այդ դեպքում՝ դա ո՞ւմ դեմ է ուղղված, արդյոք իշխանական թեւի՞, որովհետեւ բարձրագույն իշխանական օղակներում ընդդիմադիրներ չկան: «Եթե մի քանի հոգի կան, որոնց դեմ դեռեւս կոմպրոմատների «պապկաներ» չեն կարվել՝  իշխանություններն այս հանձնաժողովի միջոցով կկարեն»,- մեր հարցին ի պատասխան կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, թե դա ընդդիմության հետ բացարձակապես կապ չունեցող քայլ է, նաեւ քաղաքացիներին հերթական անգամ խաբելու եւ թյուրիմացության մեջ գցելու նպատակ է հետապնդելու:

Ովքե՞ր կարող են լինել այս հանձնաժողովի թիրախը եւ ովքե՞ր կարող են հայտնվել «տուժողների» ցանկում: Սմբատ Այվազյանի դիտարկմամբ, տուժելու խնդիր չկա. «Սա բացառապես իշխանության համար է: Սրա արդյունքում ընդամենը ներիշխանական ռազբորկաներ կարող են լինել, որոնք կհյուսվեն մութ սենյակներում՝ առաջիկա ընտրությունների համատեքստում»:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ձեւավորվել է  ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, որով հանձնաժաղովին վերապահված գործառույթների թվում են՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը  եւ էթիկայի կանոնների խախտման բացահայտումը ու դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը ՀՀ Նախագահին, ԱԺ-ին ու Կառավարությանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031