Լրահոս
Օրվա լրահոսը

Լինե՞լ, թե՞ չլինել Ֆեյսբուքում

Հունվար 11,2012 21:22

Սոցիալական ցանցերը՝ Հայաստանում մասնավորապես «Ֆեյսբուքը», այսօր ոչ միայն տեղեկատվությունն առաջինը ստանալու միջոց են: Սոցիալական ցանցերն աշխարհում սկսել են ակտիվորեն օգտագործել քաղաքական գործիչները, վարչապետերն ու նախագահները: Հատկապես նախընտրական շրջանում էլ ավելի է մեծանում սոցցանցերի դերը : ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նախաամանորյա եւ հետամանորյա օրերին էլ «Ֆեյսբուքի» իր էջում իրականացնում է 2012-ի նախագահական ընտրարշավ:

Հայաստանում էլ պաշտոնյաների, քաղաքական գործիչների մոտ վերջին շրջանում նկատվում է նման ակտիվություն: Լրագրողները եւ ընդհանրապես օգտատերերը «Ֆեյսբուքի» միջոցով երբեմն ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները: Նախորդ տարի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշեցին շփվել եւ միմյանց պատասխանել «Ֆեյսբուքի»  միջոցով:

«Սոցիալական ցանցերում գտնվելու համար քաղաքական գործչին քաջություն է պետք, որովհետեւ նույն «Ֆեյսբուքն» անվերահսկելի դաշտ է եւ շատերի մոտ քննարկման քաղաքական կուլտուրա չկա: Էջ կամ հաշիվ բացելուց պետք է սպասել, որ ամեն տեսակի մարդ կարող է մտնել: Այսինքն, դու քո ստատուսը բավականին իջեցնում ես: Իհարկե, սոցիալական ցանցերում գտնվելը շատ լավ է, որովհետեւ իրենք ստանում են մի տեղեկատվություն, որը չի ֆիլտրվում օգնականների միջոցով, որովհետեւ շատ հաճախ պաշտոնատար անձանց տեղեկատվությունն ամբողջությամբ չի հասնում. նրանց օգնականները հաճախ մտածում են դրանց մի մասը թաքցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով քաղաքական գործիչների, պաշտոնյաների՝ «Ֆեյսբուքում» ներգրավված լինել-չլինելու մասին, ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Փիղը:

Մեր փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, սակայն, որ հայ նախարարները դեռեւս չեն շտապում սոցցանցերում ակտիվանալ: 16 նախարարներից միայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն են «ներկա»: Մշակույթի նախարարուհին՝ Հասմիկ Պողոսյանն էլ «ֆեյսբուքում» չկա, իսկ Մշակույթի նախարարությունն էջ ունի, որն ակտիվ չէ եւ ունի միայն 163 օգտատեր:

Հաճախ այս կամ այն անունով պրոֆիլներ կամ էջեր են հայտնվում «Ֆեյսբուքում», եւ երբեմն դժվար է լինում տարբերակել, թե ով է իրական հեղինակը: Նման էջեր, խմբեր ունեն ՀՀ 3 նախագահները, վարչապետը, նախարարները եւ քաղաքական գործիչները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարը հավաստիացրեց, որ վարչապետն անձամբ է հետեւում իր «Ֆեյսբուքի» էջին : Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս ինքն է զբաղվում «Ֆեյսբուքի» հաշվով: Դրանում համոզվել է մեր թղթակիցը, երբ շնորհավորանք է ստացել նրանից, կասկածել, թե այն քաղաքապետից է, եւ ստացել պատասխան, որ չկասկածի, որովհետեւ իր անձնական էջին Տարոն Մարգարյանն անձամբ է հետեւում:

«Ֆեյսբուքն այսօր տեղեկատվություն եւ ապատեղեկատվություն տարածելու ամենալավ միջոցն է, որը Հայաստանում ամենապոպուլյարն է դարձել»,- թեմայի վերաբերյալ շարունակում է բլոգերը եւ խորհուրդ տալիս զբաղված նախարարներին՝  ակտիվ օգնական պահել, որը օրվա մեջ մի քանի անգամ կտեղեկացնի «շեֆին», թե  «Ֆեյսբուքում» ինչ է կատարվում:

«Կան պաշտոնյաներ, որ իրենց էջերն օգնականների միջոցով են վարում, բայց շատերն՝ անձամբ: Այդ դեպքում էլ կարող են մեղադրել, որ ամբողջ օրը «Ֆեյսբուքում» են լինում եւ գործ չեն անում, բայց մյուս կողմից էլ կարող են ավելի օպերատիվ աշխատել, հնարավոր խնդիրներին առաջինը տեղեկանալ»,- ասում է Տիգրան Քոչարյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւս գրանցված է «Ֆեյսբուքում», բայց այդքան էլ ակտիվ չէ: Նրա էջը հավանողների թիվն ընդամենը 280 է: Տեղեկացանք, որ անձամբ է հետեւում էջին, բայց սահմանափակվում է միայն Parliament.am-ի նյութերը տարածելով եւ պարտաճանաչ տեղադրում իր տարբեր այցերի մեծ թվով լուսանկարները: Հետաքրքիր է վերջինն անելու համար ԱԺ նախագահն այդքան ժամանակ ունի՞:

Տիգրան Քոչարյանի փոխանցմամբ, հայկական բոլոր քաղաքական ուժերը «Ֆեյսբուքում» ներկայացված են, բացի ՕԵԿ-ից: «Առավել ակտիվ են «Բարգավաճը», «ՀԱԿ»-ը եւ «Հանրապետականը», իսկ «Ժառանգությունը»՝ որպես կուսակցություն, այդքան էլ ակտիվ չի, բայց պատգամավորները, հատկապես Ստյոպա Սաֆարյանը, շատ ակտիվ է: «Ֆեյսբուքը» գործիք է, եթե ճիշտ օգտագործեն այդ գործիքը, լավ արդյունք էլ կունենան»,- կարծում է Տ. Քոչարյանը: Նա վստահ է, որ առաջիկա ընտրություններում էլ մեր քաղաքական գործիչները սոցցանցերը կսկսեն ավելի ակտիվ օգտագործել:

Երբ արդեն պատրաստ էր մեր հրապարակումը, լրատվամիջոցներից մեկը տեղադրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ զրույցը՝ «Ֆեյսբուքում» լինել-չլինելու մասին: «Կան քաղաքական գործիչներ, որոնք լինելով «Ֆեյսբուքում», այսօր պաշտոնյաներ չեն, կան քաղաքական գործիչներ, որոնք ոչ մի հաջողություն չունեն լինելով «Ֆեյսբուքում», կան քաղաքական գործիչներ, որոնց ընդունում են կամ չեն ընդունում, ընկալում են կամ չեն ընկալում և այլն: Այնպես որ, «Ֆեյսբուքը» չէ, որ պետք է բարձրացնի որևէ քաղաքական գործի կշիռը», -ասել է Հ. Բիշարյանը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031