Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթը կարճվել է

Հունվար 11,2012 18:57

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանի մասնագիտական գործունեության հետ կապված՝ «Հրապարակ» թերթում մի քանի քաղաքացի իրենց կարծիքն էին հայտնել: Փաստաբանը դատի է տվել «Հրապարակին», գտնելով, որ իր պատիվը, մասնագիտական արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորվել է:

Քաղաքացիների, որոնց «տարածք» էր հատկացրել լրատվամիջոցը, հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ էր հարուցել:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց  կարգապահական հանձնաժողովի նախագահ Ինեսա Պետրոսյանը՝ հանձնաժողովը  եզրակացություն էր տվել վարույթը կարճելու մասին:

Հունվարի 9-ին Կարգապահական խորհուրդն իր եզրակացությամբ դարձյալ գործը կարճեց: Ըստ Ի. Պետրոսյանի՝ Հրանտ Բագրատյանը, Վաչագան Հակոբյանը եւ Արմինե Կարապետյանը չէին ներկայացել, հետեւաբար ոչ մի ապացույց չի ներկայացվել. «Թերթում նշված փաստերը չեն հաստատվել»: Խոսքը վաղեմության ժամկետների խախտման մասին է: Խախտումը կատարելու պահից սկսած՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը մեկ տարի է: Aravot.am –ի տեղեկություններով, Ա. Կարապետյանը ասել է, որ ոչ մի բողոք չունի:

Ի դեպ, ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական խորհրդի եզրակացությունը չի հրապարակվում նրանց պաշտոնական կայքէջում: Մեր հարցին, թե քաղաքացիները կարո՞ղ են բողոքարկել, պարզվեց, որ բողոքարկման հնարավորություն կա:

Քաղաքացիներից Վաչագան Հակոբյանը մեր հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել կարգապահական խորհրդի նիստին, պատճառաբանեց, որ ընտանեկան խնդիրների հետ կապված՝  գտնվել է բուժհաստատությունում: Նա հայտնեց նաեւ, որ տեղյակ է մերժելու մասին եւ մեր հարցին, թե արդյոք պատրա՞ստ է դիմել դատարան, այս անգամ բողոքարկելու Փաստաբանական պալատի որոշումը, նա իր տարակուսանքը հայտնեց, քանի որ տեղյակ չէր իր այդ իրավունքի մասին: Ի դեպ, թե Հրանտ Բագրատյանի, թե Վաչագան Հակոբյանի նկատմամբ դատարանները որոշում են կայացրել արգելել սույն գործի վերաբերյալ Արթուր Գրիգորյանի մասին տեղեկություններ տարածելը:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է կարգապահական վարույթի մասին, որը հարուցվել էր փաստաբանի վստահորդների դիմումի հիման վրա: Նա ասաց, որ կողմ չէ, հետեւաբար չի կարող վիճարկել այդ գործով  կարգապահական խորհրդի կայացրած որոշումը: «Եզրակացությունը վերաբերում է Արթուր Գրիգորյանի եւ իր վստահորդների հարաբերություններին: Մենք՝ որպես լրատվամիջոց մեր գործն ենք արել, տարածք ենք հատկացրել, որով քաղաքացիները  իրենց կարծիքն են հայտնել թե փաստաբանը ոտնահարել է իրենց շահերը: Փաստաբանների պալատը թե կպատժի, թե կխրախուսի՝ իրենց գործն է: Փաստաբաններն ունեն օրենք իրենց մասին, վարքականոն, իսկ քաղաքացիները ազատ են որոշելու իրենց հետագա քայլերը»,- ասաց խմբագիրը:

Ռուզան Մինասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031