ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստան ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թ.թ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե.Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թ.թ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գիրք: Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել:
Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլիի դրդմամբ Երեւանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլին եւ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ.Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հատուկ Քննչական ծառայություն