Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ազատ դեմոկրատները» կգան խորհրդարան եւ հանրաքվեի կդնեն խորհրդարանական կառավարման անցնելու հարցը (տեսանյութ)

Հունվար 11,2012 17:56

«Քաղաքականությունը միայն ցուցակ կազմելը չէ, մենք ցուցակի խնդիր չենք դնում: Ես դեռ չգիտեմ, թե ի՞նչ ձեւով կմասնակցենք ընտրությունների, ո՞վ կլինի ցուցակում… դա մեզ համար էական չի, մեզ համար էականը մեր գաղափարախոսությունը տեղ հասցնելն է: Մենք ունենք թիմ, իսկ թե թիմի ո՞ր անդամը կներկայացնի գաղափարախոսությունը՝ էական չէ: Դաշտում այն ուժերը, որոնք գործում են նույն գաղափարախոսությամբ՝ ազատական-ժողովրդավարական, որոնցից մեկն էլ ձեր նշած «Ժառանգությունն» է, մեզ հետ ունեն շատ ջերմ եւ սերտ համագործակցություն տարբեր հարցերի շուրջ, եւ այդ համագործակցությունը՝ անկախ ընտրություններից ապագայում մենք կշարունակենք: Դեռ նման հարցեր չենք քննարկել, մեր մասնակցության, համագործակցության ձեւերը պարզ կլինեն ընտրությունների մոտ ժամանակներում»,-երեկ ասաց «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որը հիմնականում խոսում էր 100 տոկոսով համամասնական ընտրությունների անցնելու նպատակահարմարության մասին, թեեւ չբացառեց, որ մեծամասնականով կառաջադրեն թեկնածուներ, եթե ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկը՝ անցնել լրիվ համամասնական ընտրակարգի՝ չընդունվի:

Ա.Արզումանյանի ընդդիմախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, յուրովի էր պաշտպանում իշխանության դժկամությունը՝ համամասնական ընտրակարգի անցնելուն: Նա կարծում էր, որ Երեւանի ավագանու վերջին ընտրությունների օրինակով՝ 100% համամասնականի անցնելու պարագայում ԱԺ կանցնեն ընդամենը 3-4 կուսակցություն, եւ դրանց մեջ չեն լինի ընդդիմադիր կուսակցությունները, եւ որպես ներկայացուցչական մարմին՝ ապագա ԱԺ-ն կտուժի: «Մեր մասի՞ն եք մտածում»,-զարմացավ Ա.Արզումանյանը: «Չէ, քավ լիցի, մեր պետության, պետական շահի մասին եմ մտածում»: Ա.Դավթյանը նաեւ կարծում էր, որ ընտրակարգը փոխելու մասին կարեւորագույն հարցը պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեով: Ա.Արզումանյանը համաձայն չէր այս մոտեցմանը, կարծում էր, որ օրենսդիրները բավական են, որ ԸՕ-ում փոփոխություն անեն, եւ խառը ընտրական համակարգը դարձնեն կատարյալ համամասնական: Այդուհանդերձ, նա խոստացավ.« Այո, համաձայն եմ, որ հանրաքվեի պետք է դրվեն կարեւոր խնդիրները, եւ ես ձեզ խոստանում եմ, որ երբ ազատ դեմոկրատները ընտրվեն, առաջ են քաշելու խորհրդարանական կառավարման անցնելու հարցը, ինչը համակարգի փոփոխության հարց է եւ պարտադրում է ամբողջությամբ վերանայել մեր գործող սահմանադրությունը: Այդ հարցը կդրվի հանրաքվեի: Ի հեճուկս գործող կոալիցիաների՝ կարծում եմ մենք կունենաք այդ հնարավորությունը»:

Քանի որ Արտակ Դավթյանը իր խոսքի մեջ նշել էր, որ ՀՀԿ-ն իշխանությունը պահելու խնդիր չունի, միայն պետական շահի մասին է մտածում, Ա.Արզումանյանը հակադարձեց.«Փաստորեն իշխող կուսակցությունը չի՞ ուզում պահել իր իշխանությունը եւ ուզում է լավացնե՞լ երկիրը, 2008-ին դրա համար սպանդ կազմակերպեց ընտրությունների արդյունքը բողոքարկողների նկատմամբ, եւ 100-ավոր մարդկանց բանտերը նետեց այլ կարծիք ունենալու համար: Երկիրը տանկերով եւ քաղբանտարկյալներով չեն լավացնում»:

Արտակ Դավթյանը լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված ԿԸՀ նախաձեռնությունը՝ ընտրատարածքների վերաձեւման վերաբերյալ, պատասխանեց՝ «ընտրատարածքներում ընտրողների թվաքանակի փոփոխությամբ, բնական է, որ հինգ տարվա ընթացքում ընտրողների թվաքականի փոփոխություն է եղել, եւ պետք է համապատասխանեցնել, որպեսզի մոտավորապես հավասար քանակ լինի բոլոր ընտրատեղամասերում»: Ա.Արզումանյանն էլ հեգնեց.«Համաձայն եմ, որ բնական պրոցես է, եւ շնորհիվ ՀՀԿ-ի հմուտ քաղաքականության՝ արտագաղթն այն աստիճանի է հասել, որ բոլոր տեղամասերում կան պրոբլեմներ»: Ա. Դավթյանն էլ հակադարձեց՝ «ասեմ, որ ՀՀՇ կառավարման տարիներին էլ միշտ ընտրատարածքների փոփոխություններ են եղել»: «Պրոբլեմ չունեմ: Ես էդ ժամանակ ՀՀՇ  անդամ չեմ եղել»: Ի վերջո երկուսով եկան կոնսենսուսի՝ «Դա մեր բոլորիս հմուտ քաղաքականության արդյունքն է: Ազգովի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031