Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Ժամացույցները գործի դնելուց րոպեներ առաջ «Aravot.am»-ը զրուցեց վերջերս Ուկրաինայից Հայաստանի շախմատային ֆեդերացիա տեղափոխված կանանց միջազգային գրոսմայստեր, մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովայի հետ:
– Շնորհավորում ենք ՀՇՖ-ին անդամագրվելու առիթով: Բայց ամեն ինչ, կարծես, շատ արագ ու հայաստանցի մարզասերի համար անակնկալ ստացվեց:
– Շնորհակալ եմ: Բայց իրականում Հայաստանի շախմատային ֆեդերացիա տեղափոխվելու ցանկությունս նոր չէ: Պարզապես՝ բավարար հիմքեր չկային: Գաղափարն ապրեց բավականին երկար ու հիմա իրականացավ:
– Գաղափարը ձե՞րն էր, թե՞ առաջարկեցին:
– Դա իմ ցանկությունն է եւ հույս ունեմ, որ գաղափարը լավն է:
– Ապրելու եք Հայաստանո՞ւմ:
– Ոչ, Խարկովում:
– Մեր ֆեդերացիան ձեր առջեւ պայմաններ դրե՞լ է:
– Եթե խոսքը կանանց ազգային հավաքականի միակ թափուր տեղի մասին է, հաղթել այս առաջնությունում, կամ եթե Մարիա Կուրսովան դառնա չեմպիոն, ինչի հավանականությունը նրա համար մեծ է, գրավել երկրորդ տեղը:
– Իսկ ինչո՞ւ է ձեր մրցակցությունը միայն Կուրսովայի հետ:
– Նա անհատական վարկանիշի շնորհիվ հավաքականի հիմնական անդամ է: Եվ եթե ինքը հաղթի, ինձանից կպահանջվի երկրորդը լինել: Իսկ, ընդհանրապես, Հայաստանի շախմատային ֆեդերացիա եմ տեղափոխվել ընդհանուր հիմունքներով:
– Իսկ Հայաստանի առաջնության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
– Գեղեցիկ քայլեր կատարել:
– Հայաստանի առայժմ գործող չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանն ամուսնացել է ձեր եղբոր հետ ու պատրաստվում է մոտ ժամանակներս մայր դառնալ: Ինչպե՞ս է նա իրեն զգում:
– Շատ լավ: Փետրվարին Սիրանուշը մեզ արու զավակ կպարգեւի: Նրան ամենալավ բաներն եմ մաղթում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ