Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտը» հրաժարվում է մասնակցել Լոռու մարզի դատարանի նիստերին

Հունվար 11,2012 16:52

Այսօր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին ուղարկվեց հայտարարության տեքստ: Ըստ այդ հայտարարության, «Առավոտը» հրաժարվում է մասնակցել ստորեւ ներկայացվող դատական գործընթացներին, հիմնավորելով իր նման որոշումը:

Այն առնչվում է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցով դատական գործընթացներին որպես երրորդ անձ ներգրավված «Առավոտին»:

2011թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԼԴ/0625/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ Բորիս Աշրաֆյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Նույն օրը վարույթ էր ընդունվել նաեւ ԼԴ/0624/02/11 քաղաքացիական գործն  ըստ Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ Գեւորգ Մելքոնյանի՝ պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

2011թ. հոկտեմբերի 31-ին դատարանը որոշում էր կայացրել  բավարարել քաղաքացիական գործով հայցվոր Վանո Եղիազարյանի միջնորդությունը՝ պատասխանող Գեւորգ Մելքոնյանի հետախուզում հայտարարելու եւ գործի  վարույթը կասեցնելու մասին:  Դատարան էր ներկայացվել հայցվորի, նույն իր՝ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի 22. 09. 2011թ. գրությունը. ըստ որի՝  Գեւորգ Մելքոնյանը «Օգոստոսի վերջին մեկնել է ՌԴ եւ այժմ չի վերադարձել, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չունեն»:

Եթե Գեւորգ Մելքոնյանը հայտնաբերվի, ապա «Առավոտը» միջնորդելու էր, որպեսզի այդ երկու հայցադիմումները միացվեին, քանի որ Լեռնապատի գյուղապետը՝ հայցվոր Վ. Եղիազարյանը, վիճարկում է 2011թ. օգոստոսի 19-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված նույն հոդվածը՝ «Ով ում է մեղադրում»: Հայցվորը գտնում էր, որ հոդվածում (հեղինակ՝ Արփինե Սիմոնյան) թե Բորիս Աշրաֆյանը եւ թե Գեւորգ Մելքոնյանը «ընդգծված արտահայտություններով» զրպարտել եւ վիրավորել են իրեն, վնաս հասցրել իր պատվին ու արժանապատվությանը, հետեւաբար, պահանջում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ հրապարակային ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ «Առավոտով» հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ կամ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Նկատենք, որ վիճարկվող հոդվածում զետեղվել էր նրա պատասխանը:

Դեկտեմբերի 13-ին՝ դատական նախնական նիստի ժամանակ հայցվոր Վանո Ալբերտի Եղիազարյանը հանդես եկավ հայցադիմումի լրացմամբ եւ դատական նիստը նշանակվեց 2012թ. հունվարի 13-ին:

Սակայն մեզ համար անակնկալ էր, որ Լեռնապատի գյուղապետը դեկտեմբերի 14-ին դիմեց կրկին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, նույն հոդվածի հետ կապված՝ այս անգամ ընդդեմ Ֆահրադ Ոսկանյանի՝ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Ի դեպ, գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝  Բորիկ Գրիգորյանի վարույթում: «Առավոտը» դեկտեմբերի 27-ին դատարանից ստացել է ծանուցագիր՝ հունվարի 19-ին, ժամը 12-ին նշյալ դատավորի նախագահությամբ նշանակված դատական նիստի վերաբերյալ:

Ստացվում է այնպես, որ անցյալ տարվա օգոստոսի 19-ի «Առավոտում» տպագրված «Ով ում է մեղադրում» հոդվածի վերաբերյալ  երկու տարբեր դատավորների վարույթում առկա է նույն անձի երկու հայցապահանջ: Չենք բացառում, որ հայցվորը նույն հոդվածի հետ կապված կարող է դիմել մեկ այլ դատարան էլ եւ այսպես շարունակ: Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, այս հանգամանքը հաշվի չի առնվել գործը այլ դատավորի մակագրելու ժամանակ:

Հաշվի չի առնվել այն, որ «Առավոտին» տեղեկություններ տրամադրած անձինք՝ պատասխանողները գտնվել են օգոստոսի 18-ին տեղի ունեցած հանրահավաքին, նույն վայրում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, զրուցել են նույն հոդվածագրի հետ, որը նաեւ ձայնագրել է նրանց: Այսինքն, կա մեկ ձայնագրություն՝ մեկ ապացույց: Նրանք, ի դեպ, մեր միջնորդությամբ, որպես վկա պետք է դատակոչվեին: Սակայն այն տպավորությունն է, թե  հայցվոր գյուղապետը տարբեր դատարաններին մեկիկ-մեկիկ հրավիրելով լրատվամիջոցին առնչված պատասխանող գյուղացիներին, ցանկանում է նրանցից առանձին վրեժխնդիր լինել: էլ չենք խոսում զրպարտության եւ վիրավորանքի համար սահմանված փոխհատուցման պահանջից, որը պահանջում է յուրաքանչյուրից: Մարզի դատարանի երկու դատավոր զբաղված են մի հոդվածով: Բարեբախտաբար, «Առավոտի» հոդվածագիրը 4 անձի է խոսեցրել, որոնցից մեկը գյուղապետն է, երեքը գյուղացիները, որոնցից մեկն էլ Ռուսաստանում է: Ինչ կստացվեր, եթե «Առավոտը» հանրահավաքին լսեր 10 լեռնապատցիների: Մարզի բոլոր դատավորներին նույն տրամաբանությամբ պետք է մակագրեի՞ն նույն մարդու հայցապահանջը, որի դիրքորոշումը մինչ օրս հստակ չէ:

Մինչ գյուղապետը չհստակեցնի իր պահանջը, մենք հրաժարվում ենք ներկայանալ դատարան:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031