Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, թե իրեն փորձում են սեւացնել

Հունվար 11,2012 16:35

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կրակոցներ են հնչել Արթիկի սրճարաններից մեկում: Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանը, վիճաբանելով արթիկցի ոստիկան Լուկաշ Մինասյանի հետ, նրան խաբեությամբ մեքենա է նստեցրել, տարել իր ծանոթի սրճարան, որտեղ էլ սպառնալիքների ու հայհոյանքների տարափի ներքո, ոստիկանից պահանջել է վերադարձնել իր եղբոր պարտքը;

Բանն այն է, որ Ռուսաստանում գտնվող ոստիկանի եղբայրը խոպան է տարել Անուշավանի եղբորը ու չի տվել աշխատած գումարը: Քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, Անուշավան Բաղդասարյանը ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի թիկնազորից է, մենք պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչու են ԲՀԿ-ականները նման կերպ պահում իրենց: «Դա բացարձակապես իրականության հետ կապ չունի, մենք թիկնազոր չունենք, թիկնազորի կարիք էլ չունենք: Բնականաբար եթե թիկնազոր չունենք, ինքը թիկնազորի անդամ չէր կարող լինել: Անուշավանին ճանաչում եմ, նա եղել է իմ մահացած հորեղբոր՝ Սերոբի շրջապատի տղաներից, բայց ես նրան 5-6 տարի չեմ տեսել, նրա հետ հանդիպում չեմ ունեցել ու մեր մեջ կապ չկա, ու չգիտեմ ինչով է զբաղվում: Նրան ճանաչում եմ, ասում եմ՝ ճանաչում եմ, եթե կապ լիներ, կասեի՝ կապ ունեմ: Անուշավանն էլ իմ հորեղբոր մոտ որպես թիկնապահ չի աշխատել եվ նա բացարձակ կապ չունի ԲՀԿի հետ», -պարզաբանեց պատգամավորը:

Մարտուն Գրիգորյանի կարծիքով, լրագրողներն իր անունը շահարկել են նյութերը ընթերցելի ու հետաքրքիր դարձնելու համար: «Մեր շրջապատում կան շատշատ մարդիկ, տղաներ, որոնք ունեն իրենց անձնական կյանքն ու կարող են նմանատիպ դեպքերի, փորձանքների մեջ ընկնել, բայց բերել, իմ հետ կապել, դա, մեղմ ասած, անլրջություն է: Մեր շրջապատն էլ շատ մեծ է, բոլորն էլ կարող են տարբեր խնդիրներ ունենալ, մեկը մյուսին փող տալ, վերցնել, կամ ոստիկանին փող է տալիս, կամ գործ է անում՝ դա չի նշանակում թե ես դրա մասին անպայման պետք է տեղյակ լինեմ, կամ այդ խնդիրները պետք է լուծվեն իմ միջոցով: Ամեն մարդ ունի իր խելքը, իր մտածելակերպը: Իսկ իմ թիմակիցները, որոնց հետ ընկերություն եմ անում, պարտավոր չեն իրենց անձնական հարցերի մասին ինձ տեղյակ պահել, ես էլ պարտավոր չեմ այդ խնդիրներով զբաղվել»,-ասում է պատգամավորը:

Մարտուն Գրիգորյանի ասելով, ընտրություններին ընդառաջ արդեն սկսել են սեվ PR անել: «Դա էլ հասկանալի է , իմ կարծիքով գյումրեցիները բոլորը ճանաչում են ինձ, իմ թիմին , իմ ընկերներին, եւ հասկանում են, որ նմանատիպ լուրեր տարածելով՝ փորձում են սեւացնել, որը, վստահեցնում եմ, չի ստացվի»:

Թե ում է ձեռնտու Մարտուն Գրիգորյանին վարկաբեկելը, պատգամավորը անուններ չի նշում, սակայն ասում է, որ դա կամ լրատվամիջոցներին էր պետք, կամ էլ կա հստակ պատվիրատու:

Իսկ հարցին ի պատասխան, թե որքանո՞վ են իրական այն լուրերը, որ ԲՀԿ գրասենյակից 13 հոգու ոստիկանություն են տարել հարցաքննության՝ պատգամավորն այդ լուրերը եւս բացարձակ սուտ որակեց՝ վստահեցնելով, իր շրջապատից ոչ մեկին ոստիկանություն չեն կանչել: «Ոստիկանությունն էլ, արթիկցիներն էլ լավ գիտեն, որ մենք ընդհանրապես կապ չունենք», – եզրափակեց պատգամավորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031