Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաքրիստոնեական է բարեգործությամբ ստորացնելը (Տեսանյութ)

Հունվար 11,2012 16:04

ՍԱՍ գրուպի նախագահ Արտակ Սարգսյանի մեծադիր նկարը հունվարի 4-ին եւ 5-ին մանկական տոնական ներկայացման ժամանակ զարդարում էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը: Ամենուրեք՝ նույնիսկ տոմսերի եւ ծրարների վրա նշված է եղել, որ այդ ներկայացումների հովանավորը, բարեգործը հենց ինքն է: Այս մասին մեր հրապարակման առնչությամբ այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից մեկնաբանություն խնդրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ բարեգործությունը նման կերպ է արվում` առանց պահպանելու աստվածաշնչյան` աջ ձեռքդ չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը` սկզբունքը:

Պարոն Սաֆարյանի դիտարկմամբ` «Եթե մենք մեզ քրիստոնյա ենք համարում, չի կարելի բարեգործության միջոցով ստորացնել, նսեմացնել այն մարդուն, ում համար բարեգործություն է արվում: Երեխայի ուշադրությունը չպիտի համերգի ժամանակ շեղվի հերոսներից այն պատճառով, որ բարեգործի կամ այդ միջոցառման հովանավորի նկարն ավելի մեծադիր է: Եթե ուզում ես երեխային մանկություն պարգեւես, դու այդ մանկության մեջ քո պլակատներով տեղ չունես:  Դու այդ հերոսների աշխարհում տեղ չունես: Եթե ունենայիր` Հովհաննես Թումանյանը կամ որեւէ մի հեքիաթագիր հաստատ գրած կլիներ, հետեւաբար ուղղակի տգեղ է վերին աստիճանի, նաեւ՝ անճաշակ, նաեւ հակաքրիստոնեական արարք եմ համարում, որովհետեւ մարդը եթե բարեգործության եւ ողորմածության կարիք է զգում, ամենեւին կարիք չկա, որ բարեգործություն անողը նրան է’լ ավելի ստորացնի` անգամ հանրությանը տեղյակ պահելով, թե ինչ է արել նրա համար: Բարեգործը ինքն անում է անգովազդ` չստորացնելով երբեւիցե բարեգործություն ստացողին եւ ստանում է նրա օրհնանքը, բարեգործությունը քվեի դիմաց չարվող արարք է, մարդու օրհնանքի համար է արվում»:

Մամուլում շրջանառվում է, որ Արտակ Սարգսյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, մեր հարցին` հնարավո՞ր է, որ այդ աղմուկով բարեգործությունը տանի դրան` պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ չի բացառում` նրա այդ ցանկությունն առայժմ ինքնաբուխ լինի. «Արդյոք կողջունի նրա այդ որոշումը քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը եւ նրա համար կանաչ ճանապարհ կբացի քաղաքականություն վերադարձի համար` սա արդեն ժամանակը ցույց կտա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031