Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խոսելով մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին, ասաց, որ «Մեծամասնականով ուզում է Շառլ Ազնավուրին բերեն, ուզում է` Քիմ Քարդաշյանին, միեւնույն է, ով փող տա` իրեն են ընտրելու»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը նշեց, որ այդ փոխաբերությունն այն առումով էր արված, որ ըստ էության որեւէ արժանիք այնքան բարձր չի գնահատվում մեծամասնական ընտրակարգի դեպքում, որքան այն նյութական կաշառքը, որը մեծամասնականով առաջադրված պատգամավորներն առաջարկում են աղքատ բնակչությանը. «Ես երբեք չեմ մոռանա, նույն Թալինում, որտեղ մենք առաջադրեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, որքան էլ նրան շատ էին սիրում թալինցիները, ասում էին` ի՞նչ կլինի, դուրս եկեք էս գործընթացից` մենք մեր առնելիքը ստանանք: Նրանց համար դա դարձել էր իրենց ընտանիքի թեկուզ մի օրվա խնդիրը լուծելու միջոց, բավական էր տեսնել, թե ինչ հերթով էին նրանք գալիս ընտրատեղամաս, ինչ աղմուկով եւ իրարանցումով էին քվեարկում, որպեսզի ապացուցեին, որ իրենք մասնակցել են, եւ իրենց տային իրենց խոստացված կաշառքը: Հետեւաբար ինչպիսի հեղինակավոր քաղաքական գործիչ էլ բերես ԱԺ, մեծամասնական ընտրակարգով առաջադրես` եթե նրա թեկնածուն վայելում է իշխանության դաբրոն եւ նա փող է բաժանում ` ուրեմն հաղթելու է այդ թեկնածուն` անկախ նրանից, թե ով է նրա մրցակիցը: Որովհետեւ այս ընտրությունների ժամանակ այլեւս չես կարող սոված մարդուն հրապուրիչ դարձնես քո գաղափարը, քո ծրագիրը, քո առաջարկած ապագան, երբ նրա ներկան իր խնդիրներով ուղղակի խեղդում է»:
Պարոն Սաֆարյանը նաեւ ընդգծեց, որ եթե մի ժողովուրդ իր ասույթն ունի` «նաղդը նիսյայից լավ է», ապա անկասկած պայծառ ապագայի ապառիկ խոստմանը չի նայելու:
Ինչ վերաբերում է իշխանական գործիչների այն փաստարկին, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորները բնակչության ձայնն են բարձրացնում` պարոն Սաֆարյանը նկատեց. «Ես շատ քիչ դեպքեր եմ հիշում, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները որեւէ տարածքի շատ հրատապ խնդիր բարձրացնեն ԱԺ-ում: Կան պատգամավորներ, որ երբեմն կարող են ոռոգման, կենցաղային բնույթի հարցեր ուղղել կառավարությանը եւ ոչ ավելի: Այդ խնդիրները պիտի բարձրացնի մարզպետը, այլ ոչ թե գան կառավարությունում 5 տարվա նպատակ դնեն, թե երբ են այսինչ ճանապարհը ասֆալտելու եւ ոռոգման ցանցը քաշելու, դա ԱԺ-ում լուծվելիք խնդիր չէ եւ նրա ֆունկցիան չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ