Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է գործարարներին իշխանությունից կտրելու մասին: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է անել դա, իսկ նա ինչ խոստանում` անում է. «Փետրվարի վերջին տեղի կունենա մեր համագումարը, եւ ղեկավար մարմինը կորոշի` ով է գործարար, ով` ոչ` նրանց ցուցակներում ընդգրկելու համար: Էսօր ում հարցնում եք` 2 գյուղ ունի` իր հողերով, ամեն ինչով` ասում է՝ ես գործարար չեմ, կամ մյուսն ունի բազմաթիվ գործարաններ, ասում է` գործարար չեմ, հո իրենց ասելո՞վ չի` դա կորոշի կուսակցությունը` չափանիշներ մշակելուց հետո: Երբ արդեն չափանիշներով որոշեն ով է գործարար` կուսակցությունը կորոշի, թե ում սատարի, ովքեր են լինելու մեծամասնականում: Արդեն չափանիշներ են մշակվում»:
Հարցին` վտանգավոր չէ՞ գործարարներին վանել, քանի որ նրանք աջակցում են ընտրություններին, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը առանց որեւէ գործարարի օգնության էլ այնպիսի պոտենցիալ ունի, միայն 140 հազար անդամ ունի, դա բազմապատկեք ընտանիքների 3 անդամներով, բացի դա, ամբողջ իշխանության ղեկավար մարմինների մեծ մասը գտնվում է ՀՀԿ–ի ձեռքում, եթե 930-ից 750-ը գյուղական համայնքների ՀՀԿ անդամներ են, բնականաբար,նրանք պիտի աշխատեն իրենց կուսակցության օգտին»: Հարցին` ի՞նչ չափանիշներով կարող են որոշել գործարարներին, Ռաֆիկ Պերոսյանը նշեց. «Գործարար լինելու հանգամանքը Հին Հռոմից եկող կանոններով են սահմանված եւ Քաղաքացիական օրենսգրքով: Գործարարությունը իր ռիսկով, իր միջոցների հաշվին շահույթ ստանալու նպատակով ծավալած գործունեությունն է: Պետք է դնել անուն–ազգանունով նայել` Պողոսյան Պողոսը ինչ ունի»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ գործարարների անունով ոչ մի բիզնես չկա` ինչպե՞ս են նրանց առանձնացնելու` պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Եթե իր անունով չի եւ գրել է զոքանչի, հորաքրոջ կամ մորաքրոջ անունով, ապա կուսակցությունը պետք է ռեալ իրականությունից ելնելով որոշի` իր այդ անդամը իսկապե՞ս զբաղվում է գործարարությամբ, թե՞ չէ, հակառակ դեպքում՝ էսօր ամենահարուստ մարդուն հարցնում ենք, ասում է` ես գործարար չեմ, ունեմ դիրեկտոր, կառավարիչ, կուսակցությունները պետք է օրենքը դնեն` չափեն ու կտրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ