Տեղեկացրել ենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում ունեին կտրտված վնասվածքներ: Բժիշկները փրկել են երիտասարդների կյանքը: Երիտասարդներն արյունակիցներ չեն, ենթադրվում է, որ սիրահար զույգ են: Տղան Քաջարանի կոմբինատի աշխատակից է, իսկ աղջիկը չի աշխատում:
Դեպքի առիթով Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին քննչական բաժնից` երիտասարդ զույգը ցուցմունք է տվել, որ նրանք այդ քայլին գնացել են սոցիալական վատ պայմաններից, ֆինանսական խնդիրներից ելնելով: Տղան նշել է, որ ինքն ընդհանրապես դժգոհ է կյանքից, երկու եղբայր են, հայրն ու մայրը ամուսնալուծվել են, ինքն էլ Երեւանում ուսանող էր, ստիպված վերադարձել է Քաջարան՝ մոր մոտ ապրելու եւ նրա ապրուստը հոգալու: Աշխատանքի է ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, սակայն ստացած աշխատավարձը չի բավականացնում: Աղջիկը եւս իր ցուցմունքում նշել է, որ այդ քայլին գնացել է սոցիալական վատ վիճակից դրդված:
Սյունիքի մարզի քննչական բաժնում դեպքի ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է: Տուժածների վիճակը դեռ այնքան էլ լավ չի՝ նոր մանրամասներ ճշտելու ու քաղելու համար, իրավապահները միայն այսքանն են կարողացել պարզել:
«Լեռնագործ» հյուրանոցի աշխատակիցը դժվարացավ հիշել, թե զույգը որքան հաճախ էր այցելում հյուրանոց, բայց նշեց, որ դեպքի նախօրյակին 2 օր գիշերել էին հյուրանոցում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ