Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը 100% համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով բանավիճում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ: Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` «Խորհրդարանի պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնական տեղերի ճնշող մեծամասնությունը տվյալ իշխող կուսակցության գրպանում դրված տեղեր են: Անկախ պատգամավորները քվեարկում են իշխանության դիրքորոշման համապատասխան, եւ պետք է որոշենք` առաջիկա խորհրդարանում ունենալու ենք էլի 30-40 խոսող պատգամավո՞ր, թե՞ քաղաքական քննարկումների հարթակ: Պատգամավորը ասֆալտ անող, խողովակաշար անող չէ: Մեծ է հավանականությունը, որ համամասնական ցուցակով երաշխավորված պատգամավորների մեջ կանցնեն որակյալ օրենսդիրները»:
Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, որեւէ նշանակություն չունի ընտրակարգը. «Մինչեւ հիմա ոչ մի կուսակցություն համամասնական ցուցակում անցնող տեղերում մարզերից մարդկանց չի ընդգրկել, ունենալու ենք երեւանցիների խորհրդարան: Ես կողմ եմ 100% համամասնական ընտրակարգին, բայց քաղաքական համակարգը դեռ պատրաստ չէ դրան: Բնակչությունը պիտի հնարավորություն ունենա ինքն առաջադրելու ու պաշտպանելու իր թեկնածուին: Բնակչության համար մեծամասնական պատգամավորն ավելի ձեռնտու է, քան համամասնական»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Ռուբեն Սադոյանին, Հարություն Փամբուկյանին, Աշոտ Տոնոյանին ԱԺ-ում չեն տեսնում, նրանք ի՞նչ բնակչության ձայն բարձրացնող են` պարոն Պետրոսյանն ասաց. «Ընդունում եմ, պետք է ընտրեն այնպիսի մարդկանց, որոնք մասնագետ են: Ես նույնիսկ ընդունում եմ, որ ցուցակներում կան ընդգրկված այնպիսի պատգամավորներ, որոնք այդ կուսակցությունից չեն եւ ոչինչ չեն անում խորհրդարանում»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքերով` «Հարություն Փամբուկյանին ես 4.5 տարի է` խորհրդարանում չեմ տեսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ