Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը երկխոսության կողմնակից է:
Վերջին շրջանում հայաստանյան նվագախմբային արվեստում էքսպերիմենտները հաճախակիացել են՝ մեր առաջատար դիրիժորներին հնարավորություն տալով դիմելու տարբեր ձեւերի: Այսպես՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է օպերային բեմադրություններ, «Հովեր» երգչախումբը՝ բեմականացումներ, Ազգային օպերային թատրոնի նվագախումբը՝ սիմֆոնիկ երաժշտության համերգներ եւ այլն: Այսպիսով կոլեկտիվները կարծես լրացնում են մեկմեկու՝ ձեւավորելով բազմազանություն: Երբեմն կուլիսային խոսակցություններ էլ են հնչում, թե ինչու է «մեկը մյուսի բոստանը մտնում»:
«Առավոտը» այս «մասով» զրույցի հրավիրեց Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին: Նշենք, որ թատրոնի նվագախումբը միայն 2011թ. ընթացքում, բացի իր հիմնական աշխատանքից, հանդես եկավ նաեւ շուրջ 15 համերգով: Մենք անդրադարձել ենք դրանցից 1-2-ին՝ Կ. Դուրգարյանի ղեկավարությամբ կայացած օպերային թատրոնի եւ վրաց աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեի համերգին, դիրիժորներ, արգենտինացի Ֆակունտո Ագուտինի եւ նորվեգացի Տերյե Միկելսենի հետ նվագախմբի՝ սիմֆոնիկ երաժշտության երեկոներին: Հիշենք նաեւ Վերդիի «Աիդա» օպերայի ներկայացումները, որոնք, բացի թատրոնի գլխավոր դիրիժորից եւ Հարություն Արզումանյանից, ղեկավարեցին Մարկ Կիսոցցին (Շվեյցարիա) եւ Էդուարդ Դյադյուրան (Ռուսաստան): Մեզ հետ զրույցում Կ. Դուրգարյանը առանձնահատուկ նշեց Մոսկվայում իր ղեկավարությամբ կայացած Ռախմանինովյան կոնցերտների շարքը (մենակատար՝ դաշնակահար Արմեն Բաբախանյան), Իտալիայում՝ Պալերմոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ Վ. Շարաֆյանի Սիմֆոնիան դուդուկի եւ նվագախմբի համար (մենակատար՝ Գեւորգ Դաբաղյան) եւ այլն: Հավելեց, որ նպատակ ունի դրսում հայ կոմպոզիտորների գործերը տարածել հայաստանցի երաժիշտների մեկնաբանությամբ, կատակելով, թե մի կրակոցով՝ երկու նապաստակ: Մեր կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին էլ, թե այսպիսով հագեցնում է սիմֆոնիկ երաժշտության քա՞ղցը կամ գուցե ժամանակ առ ժամանակ հիշում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի իր ղեկավարած համերգնե՞րը, Կ. Դուրգարյանը ամենայն լրջությամբ ասաց, որ թատրոնի նվագախմբի մենահամերգներով ցանկություն ունի կոլեկտիվը «փոսից» բարձրացնել բեմ, այդպիսով եւ երաժիշտները, եւ հանդիսատեսը հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ: Ասաց նաեւ, թե հանդիսատեսը դեմքով էլ պետք է ճանաչի նվագախմբի արտիստներին, որոնք բարձրակարգ երաժիշտներ են:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ առաջատար օպերային թատրոնների օրինակով ուզում է, որ իր ղեկավարած նվագախումբը հաճախակի հանդես գա՝ «նվագախումբ բեմում» ծրագրով: Իբրեւ ասվածի օրինակ, տեղեկացրեց, որ ապրիլին օպերային թատրոնի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հետ համատեղ կանցկացվի «Պրոկոֆեւյան օրեր» փառատոնը, որտեղ բացի մեր ճանաչված արվեստագետներից, այդ թվում՝ օպերային երգիչ Գեւորգ Հակոբյան, դաշնակահար Արմեն Բաբախանյան, հրավիրված է իտալացի ճանաչված ջութակահար Պավել Բերմանը:
Կարդացեք նաև
Խնդրեցինք ծանոթացնել այս տարի օպերային թատրոնում սպասվելիք պրեմիերաներին. «Առայժմ առանց ժամկետներ նշելու կասեմ երկու ներկայացման անուն՝ Բիզեի «Կարմենը» եւ Պուչինիի «Բոհեմը»: Առաջինը կբեմադրի երաժշտական թատրոնի ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, երկրորդը՝ իտալացի բեմադրիչ, որի անունն այսօր չեմ բարձրաձայնի»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ