Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն»

Հունվար 11,2012 13:26

Պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը պնդում է, որ Հայաստանից հեռանալու «վերջնագիր» Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ մեկի կողմից չի եղել:

Աշխարհահռչակ երաժիշտ եւ երգահան, Էմիր Կուստորիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ Գորան Բրեգովիչը Հայաստանում է՝ բարեգործական համերգով: Նրա այցելության «մեղավորը» Լեւոն Աբրահամյանն է, ով տարիներ առաջ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «ՀայՖեստ» փառատոների ու բոլոր կառավարական միջոցառումների առանցքում էր ու կազմակերպիչը: Շատերը դա մեկնաբանում էին Լեւոն Աբրահամյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ ունեցած բարեկամական կապերով: Հետագայում, երբ ամեն ինչ այլ ընթացք ստացավ, Լ. Աբրահամյանը անակնկալ Հայաստանից մեկնեց ԱՄՆ:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում պրոդյուսերն ասաց, որ կես տարին մեկ գնում-գալիս է Հայաստան, տարվա հիմնական մասն էլ Կիպրոսում է ապրում: ԱՄՆ-ում գրանցված կազմակերպություն ունի, որը մեծ դերակատարություն է ունեցել, օրինակ, երգչուհի Էմմիի՝ ԱՄՆ-ում նկարահանված տեսահոլովակի ստեղծման գործում: «Դա առաջին տեսահոլովակն է, որ բացառապես ամերիկացիներն են արել, 40 հոգի մարդ է աշխատել, իսկական ամերիկյան տեսահոլովակ է՝ բոլոր ստանդարտներով»,- նշեց Լ. Աբրահամյանը: Նա ասաց, որ Հայաստանի հետ կապված որեւէ նախագիծ այս պահին չունի եւ չի էլ ուզում ունենալ:

Խնդրեցինք մեկնաբանել այն ասեկոսեները, թե տարիներ առաջ Հայաստանից հեռացել է, որովհետեւ գեներալներից մեկի տղան ծեծել է իրեն ու նման պայման դրել:

«Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն… Շատ տարբեր բաներ ես էլ եմ լսել իմ մասին, որոշները մի քիչ իրականությանը մոտ են, որոշ բաներ՝ ոչ: Նույնիսկ լսել եմ, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ինձ կանչել է իր կաբինետ եւ ասել՝ քեզ 24 ժամ ժամանակ Հայաստանից հեռանալու համար: Սա մի անգամ Լոսում պատմում էին մի սեղանի շուրջ, որտեղ նաեւ ես էի նստած: Մի տղա էր պատմում ու ասում, թե իբր ամեն ինչից տեղյակ է ու շատ լավ ճանաչում է Լեւոն Աբրահամյանին: Նա չգիտեր, որ Լեւոն Աբրահամյանն այդ պահին իր կողքին է նստած»,- ժպտալով ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ ապրելով արտերկրում որեւէ կրթություն կամ մասնագիտացում ստացե՞լ է: «Ես Ամերիկայում ընդամենը լեզու էի սովորում, հետո որոշեցի, որ բիձա մարդ եմ, էլ չարժե նոր կրթություն ստանալ, մանավանդ՝ երկու հատ արդեն ունեմ»,- պատասխանեց նա:

Հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է առանց իրեն անցկացվող «Հայֆեստ» փառատոնի մասին: «Արթուրը (Ղուկասյան- Գ. Հ.) մի քիչ անհասկանալի սկսեց ամեն ինչ առանց ինձ անել: Պատճառն այն է, որ ես գնացի երկրից, եւ ինքը շարունակեց փառատոնը, բայց ես հիմնադիրն էի, նա պարտավոր էր ինձ տեղյակ պահել, պատմել, սակայն նման բաներ իր կողմից չտեսա»,- նշեց Աբրահամյանը:

Տարիներ առաջ, երբ մեր զրուցակիցը հեռացավ Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնից՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, «Առավոտին» տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե մյուզիքլի սեփական թատրոն կհիմնի: Դեռ կա՞ այդ գաղափարը. «Ոչ մի դեպքում չի լինի, ես ընդհանրապես չեմ ուզում Հայաստանում ապրել երկար ժամանակ…կարող եմ գնալ-գալ, գործեր անել, բայց դուրս չի գալիս աշխատել, երկար ապրել այստեղ: Ընդհանրապես հերոսներ են էն մարդիկ, որ Հայաստանում աշխատում, գործեր են անում: Երբ դու ապրում ես ուրիշ երկրում ու տեսնում, թե ինչպես են էնտեղի հարկայինը կամ տարբեր հիմնարկներ աշխատում, դա էլ համեմատում ես քո Հայաստանի հետ, մի քիչ հիասթափվում ես, մտածում ես, որ չարժի շատ-շատ լուրջ բաներ այստեղ անել, որովհետեւ ներվերն ավելի թանկ են»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031