Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշունին Ամանորը նշեց 27 հոգով

Հունվար 11,2012 13:23

Այս գյուղն էլ ծերացել է ու դատարկվել

Քաշունին Սյունիքի մարզի դատարկվող ու ծերացող գյուղերից մեկն է: Ավելին՝ ամենասակավաբնակ գյուղը, եւ պատահական չէ, որ Նոր տարին այստեղ դիմավորողներն այդքան քիչ էին: Գորիսի տարածաշրջանի Քաշունի գյուղում ընդամենը 27 բնակիչ է ապրում, դա էլ, իհարկե, տարվա տաք եղանակներին: Իսկ ահա ձմռանը 17 բնակիչ հազիվ գտնես գյուղում, այն էլ՝ միայն տատիկ-պապիկներ են ապրում ծխացող տներում: «Սովորականի պես նշեցինք Ամանորը, ամեն մեկն իր տանը կլոր սեղանի շուրջ՝ ընտանեկան միջավայրում, այնուհետեւ հարեւաններով ու գյուղացիներով մեկս մեկի տուն այցելեցինք, իրար շնորհավորեցինք: Որոշ ընտանիքների էլ հարազատներն էին հյուր եկել ու միասին դիմավորել Նոր տարին: Առանձնապես բան չկար, ինչպե՞ս պիտի նշվեր ծերացող ու դատարկվող գյուղում»,- ասում է Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը:

Երիտասարդները վաղուց են տեղափոխվել գյուղից, ոմանք Կապան են մեկնել ապրելու, շատերը՝ Քաջարան, ոմանք էլ՝ դպրոց ունեցող մոտակա գյուղեր: Շատերը գյուղը լքելու ճամփան բռնել են 75-76թթ.-ից հետո, երբ փակվել է գյուղի միակ դպրոցը: Արտերկիր արտագնա աշխատանքի մեկնողներ գրեթե չկային: Գյուղում ծանր աշխատանքների հանդիպելիս դժվարությունների առաջ են կանգնում. աշխատող ուժեղ ձեռք չկա: Գյուղապետը մտահոգվում է, որ գարնանը վերջապես հնարավոր կլինի գյուղի ոռոգման ջրի խնդիրը լուծել, 250 մետր խողովակ է հաջողվել ձեռք բերել, բայց ջրատար անցկացնելու համար էլ երիտասարդ աշխատուժ չկա, գյուղի ծերերը չեն կարող այդ դժվարին գործն անել: «Քաշունիում գրեթե մարդ չի մնացել՝ ծերունիներից բացի: Երիտասարդ մի քանի ընտանիք էր մնացել, նրանք էլ են տեղափոխվել՝ դպրոցահասակ երեխաներ ունենալու պատճառով: Ամենամեծ խնդիրը գյուղի դատարկման խնդիրն է, տարեցտարի բնակիչների թիվը նվազում է, ծերերը մահանում են, երիտասարդներն էլ վաղուց գյուղի հետ ապագա չեն կապում, գյուղի ճակատագիրը մտահոգիչ է մնում: Իսկ ներկայիս մոտ երկու տասնյակ գյուղացիներս ապրում ենք մեր հոգսերով, գյուղի խնդիրներով: Շատ դժվար է, ճանապարհներն անմխիթար վիճակում են, ձմռան օրերին խիստ անանցանելի են դառնում: Մշակվող այգիները քիչ են, ոռոգման ջրի խնդրի պատճառով շատ դժվարությամբ են այգիներ մշակվում: Գյուղը բարձրադիր գոտում գտնվելու պատճառով առատ բերք չենք ստանում, եղածն էլ այդքան որակով չի, կարտոֆիլ ենք աճեցնում, մի քանի ընտանիք մեղվաբուծությամբ է զբաղվում, 1 ընտանիք ոչխար է պահում, մի քանիսն էլ՝ խոշոր անասուններ են պահում: Քաշունիում անսպառ հնարավորություններ կան անասնապահությունը զարգացնելու համար, գյուղի շուրջբոլորն արոտներ են, 850 հա տարածք կա, բայց մարդ չկա, որ անասուն պահի: Արոտների շատ քիչ տոկոսն է օգտագործվում»,- հավելում է գյուղապետը: Քաշունին մոտ է Տաթեւ գյուղին, մոտ 15 կմ հեռավորություն է բաժանում միմյանցից, բայց զբոսաշրջության ծրագիրը գյուղի կյանքի բարելավմանը չի նպաստել: Գյուղացիները հավաստում են, որ մինչ օրս դեռ ոչ մի զբոսաշրջիկի չեն հանդիպել գյուղում: Զբոսաշրջիկները ոտքով չեն գալիս, իսկ մեքենայով երթեւեկության համար գյուղ տանող ճանապարհներն անմխիթար են ու դժվարանցանելի: Մշտական բնակիչներից մեկն էլ խոստովանում է, որ վերջին անգամ գյուղում տուրիստների տեսել են Խորհրդային միության տարիներին, երբ ոտքով տուրիստները Կապան էին գնում: «Վաղուց այդ օրերն անցել են, հիմա բոլորը հեշտ տարբերակներից են օգտվում եւ մեր գյուղ չեն այցելում»,- ասում է քաշունեցի մի պապիկ:

Քաշունին Կապանից 48 կմ է հեռու, Գորիսից՝ 55 կմ: Հնում եղել է զուտ հայաբնակ բնակավայր: Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղի եւ եկեղեցու ավերակների մնացորդներ: Ժամանակին Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառի մեջ է ընդգրկված եղել, որից էլ ստացել է նոր անվանումը:

Նախկինում ունեցել է Մալդիշ, Մալդաշ, Մալտաշ անվանումները: Քաշունի է վերանվանվել 1992թ.-ին: Գյուղի նախկին բնակիչները 1920-ականներին այստեղ են տեղափոխվել նույն տարածաշրջանի Տանձատափ գյուղից, որը մինչ այդ եղել է վերջինիս ամառանոցավայրը, այնտեղից էլ ստացել է Մալդաշ անվանումը:

Գյուղը գտնվում է Որոտան գետի աջափնյակում, Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղավորություններից՝ Մալդաշի լանջին՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031