Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու գրավով՝ խոզի բուդ, ապառիկով՝ մթերք, վարկով՝ Ամանոր

Հունվար 11,2012 13:15

Ճոխությունների ետեւից ընկած հայերը Նոր տարվա սեղանն էլ են «ապառիկով» գցել

«Նախատոնական օրերին էնքա՜ն մարդ եմ տարել լոմբարդ, որ սաղ տարվա ընթացքում չէի տարել: Հարցնում եմ՝ բա ո՞նց եք էդքան պարտքի տակից դուրս գալու: Ասում են՝ ախպեր ջան, դե, սաղ տարին էշի պես կաշխատենք, կամաց-կամաց պարտքը կփակենք, էլի, անցյալ տարի Նոր տարվա համար գրավ դրած ոսկիներս մի երկու ամիս առաջ եմ հանել գրավից: Ես սենց բան չեմ տեսել, այ մարդ, տարեցտարի կենացները քաղցրանում են»,- ասում է վարպետ Սերոբը եւ սուպերմարկետի տարածքով անցնելիս փառք տալիս Աստծուն, որ խցանումներն այդ տարածքներում ավարտվեցին: Նա տաքսու վարորդի 17 տարվա աշխատանքային պրակտիկա ունի եւ վարորդի իր փորձով է համոզվել, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում մարդիկ զերծ կմնան ճոխ գնումներ կատարելուց, մեծ խանութներին հարակից փողոցներն ավտոմեքենաների համար բաց կլինեն, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ վարորդներին չեն «կլպի»՝ գիտակցելով, որ մարդիկ Ամանորից հետո սնանկացած են: Նախատոնական օրերին հատկապես սուպերմարկետների կողքով անցնել չէր լինում, մարդիկ կրում էին ու կրում, եւ ամենավատն այն էր, որ այդ  ծախսերը ստիպված անում էին նույնիսկ կարիքավոր մարդիկ:

Երեկ «Առավոտը» մայրաքաղաքի տասնյակ գրավատների պատասխանատուների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու, թե տարվա սովորական ամիսների հետ համեմատած՝ այս նախատոնական օրերին քանի՞ տոկոսով է աճել հաճախորդների հոսքը, եւ մարդիկ ի՞նչ թանկարժեք իրեր են գրավ դրել, որպեսզի Նոր տարին ճոխ նշեն: Մեզ հետ զրույցում գրավատան տնօրենների մեծ մասը գերադասում էր ո՛չ իր, ո՛չ էլ գրավատան անունը չհրապարակել, սակայն տեղեկատվություն տրամադրել չմերժեցին: Երեւանի գրավատներից մեկի տնօրենը հաստատեց, որ Ամանորով պայմանավորված՝ իրենց մոտ հաճախորդների հոսք նկատվել է, բայց նախորդ տարվա համեմատ այդ թիվն, ըստ նրա, պակասել է. «Չէ, էլ առաջվանը չի, մարդիկ արդեն թանկարժեք իր էլ չունեն, որ գրավ դնեն: Տարին տարվա վրա նկատում եմ, որ մեր գործն էլ է վատանում, ով հարստություն չունի, բնականաբար, լոմբարդ գալու կարիք էլ չունի, ով էլ ունի՝ էղածն էլ չկորցնելու համար էս երկրից գնում է»:

Գրավատներից մեկի պատասխանատուն էլ, որը ներկայացավ Արմեն անունով, պատմեց, որ դեպի գրավատներ հաճախորդների հոսքը նկատվում է ոչ միայն Ամանորի նախաշեմին, այլեւ սեպտեմբեր եւ մայիս ամիսներին. առաջինի դեպքում՝ դպրոցների բացմամբ, երկրորդի պարագայում՝ «Վերջին զանգի» ծախսերով պայմանավորված: Ըստ գրավատան աշխատակիցների՝ Ամանորից առաջ մարդիկ հիմնականում գրավ են դրել ոսկեղեն, հեռուստացույց, պատմական արժեք ներկայացնող թանկարժեք իր, անգամ ավտոմեքենա:

Այս տարի բակային խանութներից բացի, մարդկանց «նիսիայով» ապրանք են տվել  նաեւ որոշ սուպերմարկետներ: Սակայն «ապառիկով» սեղան գցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլոր ցանկացող սպառողները, այլ նրանք, որոնք համարվել են այդ օբյեկտի մշտական հաճախորդ: Նրանց տրվել է մոտ 100 հազար դրամի սննդամթերք՝ տարվա ընթացքում գումարը մարելու պայմանով:

Կանխիկ միջոցների պակասի պատճառով շատ քաղաքացիներ էլ հարկադրված են եղել օգտվել հայաստանյան որոշ բանկերի թողարկած «Ամանորյա վարկ» քարտերից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031