Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը օղի բաժանեց, ԲՀԿ-ն՝ տուն ու ալեհավաք

Հունվար 11,2012 13:13

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները դատարկաձեռն չեն շնորհավորել գյումրեցիների Նոր տարին

Կուսակցական նվերները ակտիվ քննարկման թեմա են դարձել ամանորյա տոներից ուժասպառ եղած Գյումրիում: Այս քաղաքի բնակչությանը հատկապես անակնկալի է բերել ՕԵԿ-ականների բաժանած տոպրակները, որտեղ տեղ էին գտել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի արտադրած «Հայասի» օղին, նույն ֆիրմայի սուրճն ու «Վիտամին Ա» հյութը, որը տրվել էր, այսպես ասած, «օեկաշատ» հիմնարկների աշխատակիցներին, օրինակ՝ դպրոցի ՕԵԿ-ական տնօրեններին ու նրանց անձնակազմին, ինչպես նաեւ Գյումրիի Անի թաղամասի որոշ շենքերի բնակիչների: ԲՀԿ-ն էլ, ամենայն հավանականությամբ, կոալիցիոն գործընկերոջից ետ չմնալու նպատակով շատ ավելի հիշարժան նվերներ է բաժանել. ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր որդու՝ գարեջրի գործարանի սեփականատեր Միսակի անունից սոցիալապես անապահով 2 ընտանիքի բնակարաններ է գնել, իսկ ԲՀԿ մյուս գրասենյակներն իրենց ընտրազանգվածին՝ ալեհավաքներ:

«Առավոտը» այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց տեղի գրասենյակների ներկայացուցիչներից: Քանի որ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը տեղում չէր, ՕԵԿ գրասենյակի վերածված նրա պապական տունն էլ վերանորոգման մեջ էր, այս թեմայի շուրջ զրուցեցինք ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանի հետ: Չբացառելով, որ, իրոք, նման ակցիա եղել է՝ Ս. Աբրահամյանը դրա մեջ ոչ մի նախընտրական կաշառք չտեսավ: «Ի՞նչ ընտրակաշառքի մասին է խոսքը, եթե դրանք բաժանվել են միայն մեր կուսակցականներին: Մեր տարածքային կառույցների ղեկավարները դիմել են կենտրոնական գրասենյակ՝ առաջարկելով այս ձեւով շնորհավորել ՕԵԿ-ականների Նոր տարին, մենք էլ օղին ու սուրճը բաժանել ենք նրանց, ում տարածքային կառույցի ղեկավարները նպատակահարմար են գտել, ամանորյա պարկերի մեջ եղել են նաեւ շնորհավորական ուղերձներ»,- ասաց Ս. Աբրահամյանը:

Շիրակի ԲՀԿ կառույցի կենտրոնական գրասենյակից էլ տեղեկացրին, որ տեղյակ չեն բաժանված ալեհավաքներից: Մամուլի քարտուղար Աղասի Աբրահամյանը պարզաբանեց, որ իրենք նման ակցիա չեն նախաձեռնել, թեեւ, ըստ նրա, եթե նախաձեռնեին էլ, ճիշտ կանեին: «Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ով ինչքան կարող է՝ պիտի օգնի, ամերիկացին միշտ ասում է՝ փող փոխանցեմ բարեգործական հիմնադրամին, որովհետեւ ինձանից անպաշտպաններն էլ կան: Ես ինքս շատ երկրներ ճանապարհորդած մարդ եմ ու տեսել եմ, որ բարեգործությունն ամբողջ աշխարհում է ընդունված»,- ասաց ԲՀԿ-ի շահերը պաշտպանող մեր զրուցակիցը:

Նկատի ունենալով, որ բարեգործական ակցիա անվան տակ շատերը սկսել են սեփական քարոզարշավը, մենք սոցիալապես անապահով ընտանիքների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են անհարմար դրության մեջ դնում սոցիալապես անապահովներին: Ամեն մի կուսակցություն տոպրակ է բաժանում նույն ընտանիքին, իսկ նրանք ձայն կարող են տալ ընդամենը մեկին: «Սա չափազանցված թեմա է, այսպես թե այնպես՝ օգնություն բաժանվելու է, Հայաստանի ողջ կապիտալը մի քանի ընտանիքների ձեռքում է, ի՞նչ կլինի, որ Նոր տարուց առաջ մի բանով մարդկանց օգնեն: Միգուցե լրագրողների համար հրապուրիչ թեմա է, բայց եթե չբաժանեին, ավելի պիտի քննադատեիք, թե մարդիկ տոն օրերին սոված մեռնում են, ու տեր լինող չկա»,- ասաց Վահան Թումասյանը՝ նշելով, որ դա անիմաստ է կապել քաղաքականության հետ: «Տիգրան Կարապետյան ֆենոմենը թող լինի մեզ օրինակ, էդ մարդուց շատ «վիդեո», հեռուստացույց բաժանող չկար, բայց ձայն տվող էլ չեղավ, այնպես որ՝ ընտրակաշառքը այլ կանոններ ունի, ընտրակաշառքի ազդեցությունը մաքսիմում՝ ընտրությունների օրն է կամ դրանից մի օր առաջ: Ես 24 տարի ընտրական պրոցեսների մեջ եմ, եթե անգամ ամբողջ տարին միլիոններ բաժանեմ, մարդկանց համար տներ գնեմ, միեւնույն է՝ մեկը կարող է հենց ընտրությունների օրը գալ ու 5000 դրամով քեզ հաղթել»,- ասում է «Շիրակ կենտրոնի» ղեկավարը: Ըստ նրա՝ բարեգործությունը պետք է դառնա ավանդույթ, մշակույթի մի մասը, անկախ քաղաքականությունից՝ բոլորը պետք է բարեգործություն անեն, այդպես ընդունված է ողջ աշխարհում: Ըստ Վահան Թումասյանի՝ քննադատելու փոխարեն Գյումրիում շքեղ օբյեկտներ կառուցողները ճիշտ կանեին օրինակ վերցնեին ու ձեռքերը գրպանները տանեին: «Նրանք ոչ թե վախենում են լրագրողների քննադատությունից, որ հանկարծ կասեն, թե ընտրությունները չսկսած՝ ընտրակաշառք են բաժանում, ոչ, նրանք «քծիպ» են, շակալ, ժլատ, օրինակ՝ ի՞նչ է անում Գյումրու ավագանին, երբեւէ լսե՞լ եք, որ նրանցից մեկը մի բարեգործություն անի, բայց ընտրություններին կգան՝ բարեգործ կձեւանան ու գյումրեցու ձայները կգնեն»,- ասում է Վահան Թումասյանը՝ խորհուրդ տալով ընտրություններից դեռ այսքան վաղ բարեգործությունները չքարկոծել ու չքաղաքականացնել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031