Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ողջունում է այդ քայլը
2011-ի ավարտին Եվրամիության տարբեր պաշտոնյաներ եւ ներկայացուցիչներ հարկ համարեցին խոսել 2012-ին Հայաստանում սպասվող ընտրությունների մասին՝ շեշտադրելով, որ ակնկալիքներ ունեն, թե այդ ընտրությունները ազատ եւ արդար պիտի լինեն: «2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը պատրաստ է կազմակերպել միջազգային հավաք՝ Հայաստանում կայուն բարեփոխումների համար միջազգային համայնքի աջակցությունը համախմբելու համար»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Ստանոն՝ հավելելով, որ անհրաժեշտ է այս «ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան եւ իրագործել ստանձնած պարտավորությունները»: Կայանալիք ընտրությունների մասին նույն տոնայնությամբ էր խոսել նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակը: Եվրոպացի չինովնիկների հետաքրքրությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների նկատմամբ «հերթապահ հետաքրքրությո՞ւն» է, թե՞ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին մեր ընտրությունները կարող են իսկապես վճռական լինել՝ «Առավոտի» հարցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Իրականում Եվրոպական միությունն իր համար վերլուծել է իր արածները եւ չարածները՝ թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում, եւ նրանց ուշադրությունը հայաստանյան ընտրությունների նկատմամբ (որպեսզի դրանք լինեն ազատ, արդար եւ թափանցիկ) բնավ էլ պատահական չէ: Իրենք հասկանում են, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ այս տիպի ընտրություններով՝ կեղծումներ, լցոնումներ, ծեծուջարդ, առաջ գնալ, որ դա լի է վտանգներով, ինչը տեղի ունեցավ 2008 թվականին: Իրենք շատ լավ տեղեկատվություն ունեն եւ հասկանում են, որ հասարակությունն էլ չի ների, ընդդիմությունն էլ չի ների այս իշխանություններին, եթե փորձեն նորից կեղծել: Այսինքն՝ ի սկզբանե Եվրոպական միությունն ուզում է իր սխալն ուղղել. իրենք հասկանում են, որ իրենք պատասխանատվություն են կրում եւ 2008 թվականի մարտյան, եւ 2004 թվականի ապրիլյան դեպքերի համար: Այնպես չէ, որ անցավ-գնաց: Եվ հիմա կարեւորելով Հայաստանում ազատ ու արդար ընտրությունները՝ Եվրամիությունը երկու խնդիր է ուզում լուծել. նախ՝ որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ ընդդիմությունն իրավիճակը երկրում չսրի, չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, մի բան, որը մենք պետք է անենք: ԵՄ-ն հիմա փորձում է այդ հարցը հետաձգել մինչեւ ընտրություններ՝ հստակ իմանալով, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու: Իրենք փորձում են ամեն ինչ անել, որ իշխանափոխությունն իրականանա ժամկետային ընտրությունների արդյունքում. «քաղաքական էլիտան» կկորցնի իր մեծամասնությունը, եւ իշխանության կգա ընդդիմությունը՝ նոր էլիտայով՝ ժողովրդավարական ընտրություններով: Այսպիսով, ԵՄ-ն փորձում է Հայաստանում նոր մոդել կիրառել՝ տոտալ երկրում իշխանափոխության հասնել հերթական ընտրությունների արդյունքում»: Հովհաննես Հովհաննիսյանն, ընդհանուր առմամբ, ազնիվ է համարում Եվրամիության այս ձգտումը՝ նկատելով. «Բայց իրենք չեն հասկանում, որ իրենց առջեւ կանգնած է մի իշխանություն, որը ոչ թե պատրաստ չէ նման քաղաքակիրթ քայլերի, այլ իրենց աթոռներն ու իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն գին վճարելու, ընդհուպ մինչեւ Մարտի 1»: Միաժամանակ, պարոն Հովհաննիսյանն ինքն էլ բացառում է, որ գործող իշխանությունը կհամարձակվի «նույն գետը երկու անգամ մտնել», հետեւաբար ողջունում էր ԵՄ-ի՝ Հայաստանում դասական ձեւով իշխանափոխություն իրականացնելու նկրտումները:
Նկատեցինք, որ ԵՄ-ի առաջարկած մոդելը համընկնում է ՀԱԿ-ի շահերին, քանի որ ՀԱԿ-ն էլ ցանկանում է իշխանափոխություն խաղաղ, ոչ հեղափոխական ճանապարհով, հետեւաբար ՀԱԿ-ը փորձելո՞ւ է ԵՄ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում հասնել այդ ամենին: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ՀԱԿ-ը վաղուց կապեր ունի եւ վաղուց է աշխատում միջազգային կառույցների հետ: Վերջիններս էլ բազմիցս առիթներ ունեցել են համոզվելու, որ համամարդկային, ժողովրդավարական արժեքներին Հայաստանում դավանում է ՀԱԿ-ը եւ ոչ թե այն իշխանությունը, որի հետ իրենք ստիպված աշխատում են: Եվ ուզեն, թե ոչ՝ մի օր պիտի հաշվի նստեն այդ իրողության հետ: Հարցին՝ ոգեւորո՞ւմ է Ձեզ ԵՄ-ի այս ցանկությունը, քանի որ 2008-ին թեեւ համաժողովրդական շարժումը իր գագաթնակետին էր հասել, բայց միջազգային կառույցները չսատարեցին շարժմանը, եւ ընդդիմությունը ստիպված եղավ նահանջել իր դիրքերից, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեզ շատ ավելի ոգեւորում են մեր ժողովուրդը, մեր հասարակության տրամադրությունները եւ մեծագույն ցանկությունը՝ ազատվել այս իշխանություններից: Մենք շատ ավելի հենվում եւ վստահում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին, քան եվրոպական կառույցներին: Մենք շատ վաղուց ենք աշխատում եվրոպական կառույցների հետ, նրանց ոգեւորությունն էլ լավ գիտենք, նրանց աշխատանքին էլ ենք ծանոթ, երկակի ստանդարտներով մոտեցումներն էլ լավ գիտենք, այնպես որ՝ ոգեւորվելու խնդիր չունենք: Մեզ ոգեւորում է մեր ժողովրդի տրամադրությունը՝ նոր երկիր ստեղծելու տեսանկյունից»:
Ի դեպ, 2008-ի ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տարբեր ելույթներում բավականին սուր քննադատության ենթարկեց եվրոպական կառույցները, բարձրաստիճան չինովնիկներին՝ ոչ ադեկվատ պահվածքի, արձագանքի, երկակի ստանդարտներ կիրառելու համար: Այդ քննադատությունն ազդեցություն ունեցա՞վ, որպեսզի Եվրոպան դեմքով դեպի հայաստանյան ընդդիմությունը շրջվի՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Եվրամիության ինստիտուտներն ամաչեցին իրենց կեցվածքից, որը դրսեւորեցին 2008 թվականին: 90 տոկոսով նրանք՝ իրենց կեցվածքով, մեղավոր էին, որ Մարտի 1 եղավ: Հայաստանի ընտրությունները Եվրոպական միության համար փորձաքար են՝ իրենք տեր կանգնելո՞ւ են իրենց իսկ հռչակած արժեքներին, թե՞ ոչ: Եթե մեզ նման երկրներում նրանք շարունակեն կրկնակի ստանդարտներով մոտեցումը, ԵՄ-ն կգնա փլուզման՝ ոչ ճիշտ քաղաքական մոտեցումների արդյունքում: Եվրախորհուրդը, որպես միջազգային կառույց, արդեն կորցրել է իր դերը Եվրոպայում, նույն ճակատագիրը սպասվում է Եվրամիությանը: Նրանք դա հասկացել են: Ուշ, բայց հասկացել են եւ փորձում են իրենց դեմքը փրկել»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ