Ուսանողներիցս մեկն ինձ պատմեց, որ դասախոսի հետ խնդիր է ունեցել, եւ երբ իր անհամաձայնությունն է հայտնել դասախոսի արտահայտած տեսակետի հետ, վերջինս բացականչել է՝ «դու գիտե՞ս՝ ես ով եմ»: Գուցե ոմանց թվում է, որ դա «շշպռող», սարսափազդու հարց է, բայց իրականում այդ հարցով մարդը ծայրաստիճան նսեմացնում է ինքն իրեն եւ իր արած գործը: Որովհետեւ եթե դիմացինդ չգիտի, թե դու ով ես, նման հարցերով դու նրան «դարձի չես բերի»՝ նույնիսկ լինելով հավերժական շարժիչի գյուտարար կամ ազգի փրկության ծրագրի հեղինակ:
Երբ մարդն իր նկատմամբ ինչ-որ հատուկ վերաբերմունք է պահանջում, դա նշանակում է միայն մի բան. նա զուրկ է իրականության ադեկվատ ընկալումից, դրա համար անհրաժեշտ թերահավատությունից, եթե ուզում եք՝ հումորից: Վերջերս ներկա էի մի շատ տաղանդավոր արվեստագետի՝ իր երկրպագուների հետ հանդիպմանը, եւ ներկաներից մեկն ասաց՝ «դուք ինձ համար կիսաաստված եք»: Ի պատասխան նման պնդման՝ արվեստագետը չծիծաղեց, չընդվզեց, չբարկացավ: Ուրեմն հոգու խորքում նա չի բացառում իր կիսաաստված լինելու հնարավորությունը: Երբ նման բան ասացին Յոհան Սեբաստիան Բախին, նա ձեռքը թափահարեց եւ ասաց. «Դատարկ բան է՝ ես պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ ստեղներն եմ սեղմում. եթե դուք էլ ինձ նման ջանասիրաբար պարապեք, նույնը կկարողանաք անել»:
Օրերս լրացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 67-ամյակը: Թեեւ ուշացումով, բայց սրտանց շնորհավորում եմ մեր պետության հիմնադիրներից մեկին եւ մաղթում եմ հնարավորինս շուտ վերադառնալ իր սիրելի գործին՝ գիտությանը: Բայց ահա առաջին նախագահի երկրպագուները հավաքվեցին Սարյանի արձանի մոտ՝ այդ ծննդյան օրը «ազգովի» նշելու: Նախագահը պետք է դա արգելեր, 15-20 տարի առաջ հենց այդպես էլ կվարվեր. ծննդյան օրը անձնական տոն է՝ այդ կապակցությամբ «ժողովրդական տոնախմբություններ» տեղի են ունենում միայն Ստալինի կամ Կիմ Չեն Իրի առիթով:
Շուտով սկսվելու է նախընտրական արշավը, եւ հատկապես մեծամասնական թեկնածուները պատմելու են իրենց քաջագործությունների մասին. «Դու գիտե՞ս՝ ես էս ազգի համար ի՜նշշշ բաներ եմ արել»: Եվ ստիպելու են, որ իրենց տված երկու կոպեկի դիմաց խեղճուկրակ մարդիկ հեռուստախցիկի առաջ «արտասանեն». «Ա՜խ, մեծ բարերար, ա՜խ, ազգի փրկիչ, ա՜յ, եթե բոլոր մեր գործարարները այդպես վարվեին»: Դա քիչ թե շատ անխուսափելի է: Միակ բանը, որը կարելի է խնդրել օրենսդրական աշխատանքին կարոտ քաղաքական գործիչներին՝ մի կորցրեք հումորի զգացողությունը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ