Ընտրակաշառքների բաժանման մրցավազքը, առանձին շտաբներ ձեւավորելու գործընթացները, արվող հայտարարությունները կարծես թե հստակեցնում են, որ կոալիցիոն կուսակցություններն ընտրություններին գնալու են առանձին ցուցակներով։ Դա, իհարկե, դրական է ընտրություններում մրցակցային մթնոլորտի ապահովման առումով։ Սակայն, մյուս կողմից, անհասկանալի դրություն է ստեղծվում կոալիցիոն հուշագրի շուրջ։ Առանձին ցուցակներով ընտրություններին գնալը ենթադրում է մրցակցություն նաեւ կոալիցիոն ուժերի միջեւ, որը հակասում է հուշագրի այն դրույթին, թե կոալիցիոն ուժերը միմյանց դեմ չեն մրցակցելու։ Եթե խախտվում է այս առանցքային պայմանավորվածությունը, ուրեմն հուշագիրն այլեւս առոչինչ է, որը պարտադիր պետք է հաստատվի պաշտոնապես։ Որովհետեւ եթե դա չի արվում, եւ կոալրցիան շարունակում է գործել նույն տրամաբանությամբ, ինչպես ձեւավորվել է, ուրեմն ոչ թե ընտրություններ են լինելու, այլ կանխորոշված ելքով պարզունակ բեմադրություն։ Այս դեպքում Էլ առնվազն ծիծաղելի են դառնում իշխանությունների պնդումները Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավարական ընտրություններն անցկացնելու մասին։ Մյուս կողմից, եթե հուշագիրը շարունակում է պահպանել իր գոյությունը ձեւականորեն, անլրջանում է առհասարակ նմանատիպ փաստաթղթերի նշանակությունը, ինչը ուղղակի հարված է արդեն քաղաքական մշակույթի ձեւավորմանը։
«Երկիր»