Երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչել են կրակոցներ: Արթիկցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Արթիկի Բաղրամյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, երբ իր ծառայությունն է կատարելիս եղել ոստիկանության Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանը, նրան է մոտեցել Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանը՝ իր կողմից վարած Վազ 21 07 մակնիշի 03 ՕՏ 883 համարանիշի ավտոմեքենայով: Ա. Բաղդասարյանը Լ.Մինասյանին կանչել է զրույցի, սակայն ոստիկանը պատասխանել է, որ ինքը ծառայության մեջ է: Ա. Բաղդասարյանը խաբեությամբ նրան նստեցրել է ավտոմեքենան, ապա մեքենան քշել է անհատ ձեռներեց Վահագն Քոչարյանին պատկանող սրճարանի ուղղությամբ: Հասնելով սրճարանի մոտ՝ նա ոստիկանության աշխատակցին խաբեությամբ մտցրել է նշված սրճարան ու արդեն սրճարանի առանձնասենյակներից մեկում Ա. Բաղդասարյանը և արդեն սրճարանում գտնվող Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչներ Մհեր Խաչատրյանն ու վերջինիս հորեղբայր Ավթանդիլ Խաչատրյանը սկսել են հայհոյանքներ և սպառնալիքներ տալ ոստիկանության աշխատակցի հասցեին, ապա՝ ծեծի ենթարկել: Սրճարանի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե «էդ միլիցեն իր ատրճանակից օդ չկրակեր, ապա կամ հիվանդանոցում էր հայտնվելու, կամ ավելի բեթար օրն էր ընկնելու»: Ոստիկանի մոտ եղել է իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
Այս պահին նշված սրճարանում արդեն աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը, փորձագետը: Սրճարանում հայտնաբերվել և առգրավվել է կրակված 5 պարկուճ:
Արթիկ են ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ոստիկանության հատուկ ջոկատայիններ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Հավանաբար գործով կզբաղվի Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը: Արթիկցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ա. Բաղդասարյանը ԱԺ պատգամավոր Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի և նրա հոր՝ Կամոյի թիկնազորից է: Ա. Բաղդասարյանի ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ