Հայաստանի պետական համալսարանի Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այսօր նկատվում էր աշխուժություն. Իտալական բաժնի 3-րդ կուրսի ուսանողները քննություն էին հանձնում Իտալերենից: Առաջին մասնագիտական քննությունն է: Շատ են վախենում: Առարկան բավական դժվար է, բայց ասում են, եթե լավ ես պատրաստվել` խնդիր չես ունենա: Թեկուզ և կտրվեն, միևնույն է` վերջում ստանալու են: : «Պետք է լավ սկսեմ, որ լավ էլ ավարտեմ»,- «Առավոտ երիտասարդական»-ին է ասում 3-րդ կուրսի ուսանող Զառան: Կատակելով էլ ավելացնում է` շատ լավ է պատրաստվել` ընդամենը 3 օր, սակայն համոզված է` կիսամյակի ընթացքում ստացած գիտելիքները կօգնեն իրեն հաջող հանձնել քննությունը : Գնահատականի մասին էլ չի մտածում. կարեւորը գիտելիքն է:
Բարեւին փոխարինել էր «Պատրաստվե’լ եք երեխեք ջան» հարցը: Ուսանողների համար սա 2012 թվականի առաջին փորձությունն է: Եթե այս քննությունը հանձնեն, ապա մյուսներին ավելի կոգեւորվեն ու ավելի լավ կպատրաստվեն:
Հյութ, բուլկի, xerox-ներ և գրքեր. սրանք քննությունների ընթացքում ուսանողների անբաժան մասն են: Դժգոհում են միայն ժամանակից. «Կուզենայինք մի քիչ ժամանակ ունենալ Նոր տարին նշելու համար, և դրանից հետո նոր մեկ շաբաթ` քննությանը պատրաստվելու համար, այլ ոչ թե` մեկ շաբաթ Նոր տարի նշելու համար, իսկ երեք օր քննությանը պատրաստվելու համար»,- ասում են նրանք:
Արամ Արարատյան