Այսօր, մոտավորապես ժ.17:30 Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում անբուժելի հիվանդությունից կյանքի 88-րդ տարում վախճանվել է Խորհրդային լեգենդար անլեգալ (ծպտյալ) հետախույզ Գևորգ Վարդանյանը, ով, ի տարբերություն Նիկոլայ Կուզնեցովի և Ռիխարդ Զորգեի, միակ հետախույզն է, ով արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչմանը կենդանության օրոք և ոչ-պատերազմական ժամանակահատվածում` երեսուն (!) տարի տիկնոջ, մարտական զինակից Գոհար Վարդանյանի հետ ուրիշի անունների տակ աշխատելուց հետո բարեհաջող կերպով Հայրենիք վերադառնալուն պես:
Այն ժամանակ` 19-ամյա Գևորգ Վարդանյանի և իր հասակակից պատանիների խմբի անվան հետ է կապված Ստալինի, Ռուզվելտի, Չերչիլի դեմ ուղղված հիտլերյան Գերմանիայի կողմից ծրագրավորված մահափորձի տապալումը 1943թ. Թեհրանի կոնֆերանսի օրերին, և ցայսօր գաղտնազերծված է Վարդանյանների մասնագիտական գործունեության միայն թեհրանյան ժամանակաշրջանը, որը, ըստ, Գևորգ Վարդանյանի, կազմում է իրենց աշխատանքի ընդամենը 5-10%:
Աշխատելով 70-ականներին Եվրոպայում, Վարդանյան ամուսինները բացահայտել են ՆԱՏՕ-ի տասնյակ գաղտնի հենակայաններ, և նույնիսկ հաջողացրել «բարեկամանալ» ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն ծովակալ Ս. Թերների հետ:
Ապրելով և աշխատելով Մոսկվայում, Գևորգ Վարդանյանը միշտ կապված է եղել Հայրենիքի հետ. նույնիսկ ծպտյալ կարգավիճակով արտերկրում աշխատելու տարիներին Գևորգ և Գոհար Վարդանյանները արձակուրդ են եկել ոչ այլ ուր, այլ Երևան: Հոգով և սրտով նրանք միշտ եղել են հայ: Պատահական չէ, որ Գևորգ Վարդանյանը 2009թ. արժանացել է ՀՀ Պատվո շքանշանին:
Կարդացեք նաև
…Կարծես երեկ էինք շփվում Գևորգ Վարդանյանի հետ Երևանում. այս անգամ նա եկել էր սիրելի թոռնուհու` Մարգարիտայի և շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի պսակադրությանը: 87-ամյա Գևորգ Անդրեևիչը առույգ քայլում էր Տերյան փողոցով, նրան մոտենում էին, լուսանկարվում…
Դժվար է հավատալ, որ մեծ հայը այլևս չկա…
…Լրագրողիս անընդհատ կրկնվող հարցին, թե ո ՞ րն է, վերջապե՛ս, հետախույզի ամենակարևոր հատկությունը, Գևորգ Վարդանյանը մշտապես պատասխանում էր. «Սերն առ Հայրենիք, լինի դա Խորհրդային Միություն, Ռուսաստան, թե, մանավանդ, անկախ Հայաստան»: Թվում է, որ լավագույն տուրքը մեծ հայորդու հիշատակին կլինի մատաղ սերնդին դաստիարակելը հենց այսպիսի ոգով:
Գուրգեն Խաժակյան,
Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին երկու գրքերի հեղինակ