Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել, չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ. «Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որեւէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել»:
Aravot.am-ի հարցին՝ եթե կոմբինատին պետք չեն, ինչո՞ւ են կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչվում, պատասխանեց. «Որովհետեւ վաղը մեկը կարող ա գա՝ էդ հողի վրա ինչ ուզի՝ անի: Հանքի վրա գտնվող հողը չի կարելի այլ նպատակներով տալ: Էսօր էդ տարածքում աշխարհի մոլիբդենի 7-8% պաշարները կան, չի կարելի թողնել: Իրենք վերցրել էին 150 հեկտար վաճառել, ավելի ճիշտ՝ պայմանագրով տվել մեկին, հետ վերցրեցինք: Բայց իրենք կարող են էլի նույն բանը անել, տալ ու պրոբլեմներ առաջացնել»:
«Ուզո՞ւմ եք ասել, որ այս ամբողջ աղմուկը անիմաստ տե՞ղն էր բարձրացվել»՝ մեր հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց.«Էնդեղ մարդ կա, որ անձնական շահ ունի, մեծ ակնկալիքներ են, ուզում է օգտագործել, չգիտեմ ինչեր անի… »: Մեր ճշտող հարցին՝ «գյուղապետ Ռաֆիկ Աթայանի՞ն նկատի ունեք», նա պատասխանեց. «Գյուղապետն ա, Արզումանյան Լեւոնն ա… Գյուղապետը կրթութուն չունեցող, աշխարհից բեխաբար մեկն ա, կողքից ասում են՝ գնա հայտարարի, ինքը գնում-հայտարարում ա: Նա էդ կատեգորիայի մարդ չի, ես մի քանի անգամ կանչել եմ, բացատրել եմ, «այո, այո» ա ասում, հետո գնում ա, մեկը մի բան ա ասում՝ վեր ա կենում, խոսում: Արզումանյան Լեւոնը կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել, գործից հանել են: Կենսագրությունը որ նայեք՝ աշխատանքից միշտ հեռացրել են …»:
Իսկ ինչո՞ւ եք գյուղի ճանապարհները փակել՝ այս հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց. «Էդ ճանապարհը մենք տեխնոլոգիական բաների համար ենք փակել, դա առաջ էլ կար, դա մեր անվտանգության համար է, ներքին անվտանգության ծառայություն ունենք, որտեղ 70 մարդ է աշխատում, ամիսը 1 մլն 200 հազար լիտր սալյարկա ենք օգտագործում, էդ սալյարկան գողանում են եւ էդ գյուղի տարածքով են տանում, մենք էդ ճանապարհները սահմանափակել ենք, որ չկարողանան գողանան: Ինչ վերաբերում է գյուղին, հենց պրյամոյ տենց էլ գրի՝ ա՛յ հաստագլուխ, որ էդ մարդը ճանապարհը փակել ա, ամեն օր ինչի՞ ա կոմբինատի ավտոբուսը տրամադրում ձեզ՝ ով ցանկանում ա գնում ա գյուղ-գալիս: Ձրի, առանց որեւէ մի կոպեկի ամեն օր էդ ավտոբուսը գնում ա գյուղ-գալիս: Գյուղի հոսանքը մենք ենք տալիս ձրի, անջատե՞մ…»:
Կարդացեք նաև
«Էն օրը մեկը խոսում ա հեռուստատեսությամբ: Էդ մարդը մի օր մեր կադրերի բաժնի պետին խեղդում էր, լավ ա՝ մարդա եղել մոտը, բռնել ա, չի թողել: Դա շիզոֆրենիկ ա, մի քանի անգամ անկարգության համար գործից դուրս եմ հանել, նորից մայրը եկել ա, լացել, ես աշխատանքի եմ ընդունել, դրանով են ապրում, թե չէ՝ կորած մարդիկ են: Մի կին էլ հեռուստատեսությամբ կանգնել-ասում ա՝ ես անասուն եմ պահում տանը, որ չորս երեխաներիս պահեմ: Դրա ամուսինը 70-ն անց մարդ ա, մինչեւ այս հունվարի մեկը կոմբինատում որպես վաստակաշատ մարդ աշխատում էր, տղան մի քանի անգամ դուրս եկավ, գնաց Երեւանի փողոցներում թափառեց-եկավ, հիմա դրել եմ բարձր աշխատավարձով կոմբինատում տեղամասի պետի տեղակալ ա, հարսը հաշվապահ ա կոմբինատում… իրան չեն ընդունում, տանից դուրս են արել, գնացել ա ընդեղ ա մնում ու հայտարարում ա, որ՝ տանը անասուն եմ պահում: Տանը անասուն պահելը ո՞րն ա, դա մտածելու բան ա, թե էդ ո՞ւմ ի նկատի ունի»,-իրենից բողոքողներին հերթով անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը:
Բաժին հասավ նաեւ Քաջարանի գյուղապետին. «Գյուղապետի եղբայրը մոլիբդեն գողանալու համար գտնվում ա բանտում՝ ութ տարի նստացրել են: 2008թ. մարտի 1-ի օրը իրեն բռնել են գիշերը, իրեն ու մի քանի հոգու էլ: Փառքուպատիվ մեր իրավապահներին, որ բռնեցին, հիմա գտնվում ա բանտում: Էն բնակարանը, որտեղ որ հիմա գյուղապետը ապրում ա, պետությունը, դատարանը որոշում էր կայացրել, որ որպես վնասի փոխհատուցում պիտի տար: Մինչեւ հիմա վնասը չի փոխհատուցել, պիտի փոխհատուցեր 5 մլն դրամ, բայց ես ասել եմ՝ պետք չի, ջհանդամը… »: