Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն. «Էդ գյուղում ինձնից բացի ոչ մեկը գործ չի արել»

Հունվար 10,2012 18:24

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանում է Քաջարանի գյուղապետի մեղադրանքներին

Երեկ Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հայտարարություն էր տարածել, որում մի քանի անգամ շոշափվում էր նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունը: Aravot.am-ի խնդրանքով՝ պարոն Հակոբյանը պատասխանեց իր հասցեին ուղղված մեղադրանքներին:

Նա ասաց, որ չի կարդացել հայտարարությունը.«Ես արհամարհել եմ, նույնիսկ չեմ կարդացել: Էդ ինքը չի, որ պիտի գնահատի իմ արած գործերը, ու անուն կպցնի, ես էլ կարդամ»: Այդուհանդերձ, որոշ հարցերի անդրադարձավ.«Էդ որ ասում են, թե չեմ օգնել գյուղին, ասեմ՝ էդ գյուղում ինձանից բացի ուրիշ մեկը մի գործ չի արել: Գերեզմանի, հողի մասին խոսում են, ասեմ՝ էդ գյուղից մեր կոմբինատում արտադրամասի պետեր, գլխավոր ինժեներներ են եղել, բայց իրենց գյուղի գերեզմանը ճանապարհ չի ունեցել, երբ որ ես տնօրեն եմ դարձել՝ ճանապարհ եմ սարքել՝ եւ քայլելու համար եւ տրանսպորտի համար, ցանկապատելու համար էլ գումար եմ տվել, որ ցանկապատեն, շները չմտնեն: Հետո սխալվեցի մեկին աշխատանքի ընդունեցի, որը Կապանում էր ապրում, եկավ իրենց հին պապական տանը մի հատ դոմիկ դրեց ապրելու, գնաց, էդ գերեզմանոցից ալյումին գողացավ, տարավ ծախեց, բռնել են, նստացրել են: Ինչ վերաբերում է, որ ասում են, թե՝ դպրոցը մենք ենք քանդում, ճիշտ չի դա: Էդ դպրոցը դեռեւս 70-ականներից է վերացել, մարդ չի եղել, երեխա չի եղել, դպրոցը ինքնըստինքնյան փակվել է:  Ես տրակտոր եմ իրենց տվել՝ տարել են իսկույն վաճառել են, փողը կերել են: Իրենց գյուղում գնացել եմ, շինարարություն եմ արել, մի լավ հանդիսությունների տուն եմ կառուցել, որ իրենց համար կաբինետ-բան են արել, էսօր չեն պահպանել՝ քանդել են: Ըտեղ գյուղ չկա, ո՞վ պիտի պահեր, 10-12 հոգով հո չես կարող գյուղ պահել»:

Մեր դիտարկմանը՝ «Դուք պնդում եք, որ 10-12 տուն է, բայց գյուղապետն ասում է, որ 150 ընտանիք է ապրում», Մաքսիմ Հակոբյանը պատասխանեց.«Ես 12 եմ ասել, էլի շատ եմ ասել, կներեք, 10 պիտի ասեի»: Ըստ պարոն Հակոբյանի՝ երբ 2004 թվականին կոմբինատը սեփականաշնորհվեց, այդ ժամանակ շատերը գրանցվեցին գյուղում.«Էնտեղ գրանցված են 150 ընտանիք 2005-ից հետո, մինչեւ էդ մարդ չկար: Ես էդ գերմանացուն (խոսքը «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետիրոջ՝ գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ի տիրոջ մասին է-Մ.Բ.) տարել էի համոզում էի, որ` բերեք էդ ծախսերն անենք, էս մարդկանց օգնենք, տեղափոխենք: Բնակարան են ուզում՝ բնակարան կառուցենք, առանձնատուն են ուզում՝ առանձնատուն կառուցենք, ինչ ուզում են՝ անենք, ապահովենք, մի քանի մարդ են, թող դժգոհ չլինեն: Էս ձեռնարկությունը պետության կարեւոր ձեռնարկություններից է, պարտավոր է էդ մարդկանց հոգսերով զբաղվել: Էդ որ իմացան, եկա՜ն… ինչքան մարդ կար՝ էստեղ-էնտեղ թափառող, բանտերում, փողոցներում, եկավ-գրանցվեց»:

Ըստ Մաքսիմ Հակոբյանի՝ Քաջարանը՝ որպես գյուղ շատ կարճ կենսագրություն ունի.«Էդ գյուղը վաղուց վերացել էր, Քաջարան ավանի մեջ էր մինչեւ 56 թվականը, 58-ին Քաջարանը դարձավ քաղաք, գյուղում մի երեք հատ պետական շենք կար, դարձան Քաջարանի փողոց, հետո ծրագրավորված ձեւով շենքերը տեղափոխվեցին Քաջարան, գյուղը վերացավ: Չկար էդպիսի գյուղ: 1992 թվականին մի քանի հոգով, որպեսզի սեփականություն իրենց համար սարքեն, գնացել են էդ հողերը վերցրել, հետո շրջխորհուրդ են գնացել, Երեւան են գնացել, խնդրել են, գրանցվել են, դարձել է գյուղ: Այդ մարդիկ կենդանի են, կան այսօր, նախաձեռնողներից մեկն էլ հենց հիմա իմ դեմը նստած ա՝ իմ տեղակալն ա եղել: Մեկ ուրիշն էլ՝ Արզումանյան Լյովան է, որը էսօր բողոքում ա, ասում ա՝ իմ գյուղն ա, ինքը 2011 թվին է գրանցվել էդ գյուղում»:

«ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրենը, ի պատասխան Ռաֆիկ Աթայանի ակնարկների, որ պարզ չէ, թե ով է կոմբինատի տերը, ասաց.«Եթե էդ մարդը մի հատ կրթություն ունենար, խելք ունենար, կիմանար, որ կոմբինատը ՓԲԸ է, ունի գործադիր մարմին եւ ունի բաժնետերեր: Ես գլխավոր տնօրենն եմ, ունեմ հինգ տեղակալ եւ հինգ ուրիշ տնօրեններ կան, բայց բաժնետերերը ուրիշ մարդիկ են: Էդ բաժնետերերը մեծ ներդրումներ են արել. 2005-ից մինչեւ այսօր մոտ 500 մլն դոլարի ներդրում է արված Քաջարանում, ընդ որում՝ յուրաքանչյուր տարի ավելի քան 10 մլն դոլարի այլ հարցեր էլ են լուծվում՝ ըստ գյուղերի, ըստ մարդկանց՝ սպորտ, մշակույթ,գիտություն, կրթություն…Հայաստանում դեռ ոչ մի դպրոց չէր վերանորոգվել, Քաջարանում բոլոր դպրոցները վերանորոգված էին: Գլխավոր բաժնետերը գերմանական «Քրոնիմետ» ընկերությունն է: Պիլարսկին սովորական մարդ է, բայց շատ բարի մարդ է, հիմա ինքը Երեւանում էլ է ուզում ուրիշ գործեր անի: Էդ մարդը տեսավ, համոզվեց, վստահվեց, որ նորմալ ժողովուրդ ենք, նորմալ կարող ենք աշխատել, արեց էս գործը»:

«Չի կարելի էլի սենց բաներ անել, մի ամբողջ կոլեկտիվ է աշխատում էդ կոմբինատում, երկրի գլխավոր հարկատուներից ենք: Մի քանի անտեղյակ, աշխարհից բեխաբար մարդիկ խոսում են…  չի կարելի էլի տենց վերցնել եւ մասայականացնել, ինչ-որ սայթերում իմ հասցեին բաներ է ասում: Եթե նա փորձի ինձ կամ իմ երեխաներին անձնական վիրավորանք հասցնել… իմ եւ իմ երեխաների պատիվը էնքան բարձր է էս հանրապետությունում, մենք տասնյակ տարիներով ենք վաստակել, եթե մի փոքր փորձեցին անձնականով հանկարծ կպնել, ես այլ դատաստան կտեսնեմ… Ես էդ գյուղի ներկայացուցիչների հետ էլի եմ հանդիպել, ասել են՝ հա դե Ռաֆոն ա, էլի՜… Մարդը մարդ ա՝ անկախ կրթությունից, գաղափարից,  բայց ինձ թույլ չեմ տա էդքան բանից հետո իրա հետ նստել մի սեղանի շուրջ խոսել»,-վրդովված հայտարարեց կոմբինատի տնօրենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031