Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե օղու որակից, այլ քանակից են թունավորվել

Հունվար 10,2012 16:56

Տոնական օրերին 15 հոգի ալկոհոլի չարաշահման հետեւանքով թունավորվել է: Aravot.am-ի հարցին, թե ո՞ր խմիչքից են հատկապես ավելի շատ թունավորումներ գրանցվել, Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն պետ Արտավազդ Վանյանը պատասխանեց, որ մեծ մասի չարաշահած խմիչքը եղել է օղին: Թե կոնկրետ որ տեսակի օղու մասին է խոսքը, պարոն Վանյանը չմասնավորեցրեց. «Չեմ կարծում, որ որակն է եղել պատճառը, ավելի շուտ քանակն է շատ եղել»:

Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Արտավազդ Վանյանը ներկայացրեց տոնական օրերին սննդային թունավորումների դեպքերը եւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում: Ըստ նրա, նախորդ տարիների համեմատ, այս տարի, սննդային թունավորման դեպքերը նվազել են. «Այս տարի սննդային թունավորման ընդամենը 1 դեպք ենք ունեցել Վանաձորում՝ բուտուլիզմ: Հիվանդի վիճակը բավարար է: Անգամ եթե ցանկանում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ ուտել, չնայած մենք կարծում ենք, որ պետք է զերծ մնալ դրանցից, պետք է ուտելուց առաջ 20-30 րոպե եռացնել դրանք»:

Ասուլիսին ներկա Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ ավելացրեց, որ իրենց նախարարությունը Ամանորին աշխատել է արտակարգ  ռեժիմով. «Հիվանդանոցների հետ աշխատել ենք, որ հերթապահությունը պատշաճ մակարդակով լինի, փորձառու մասնագետներ լինեն անպայման: Կապ ենք պահել ծննդատների եւ «Շտապօգնության» հետ»:

Ըստ նրա, Երեւանում այս տարի արդեն ծնվել է 447 երեխա, արձանագրվել է օրեկան 715 «Շտապօգնության» կանչ. «Մեր նախարարության թեժ գծին 28 զանգ է եղել՝ հիմնականում տեղեկատվական բնույթի, օրինակ, թե համապատասխան մասնագետ կամ շուրջօրյա դեղատուն որտեղ կարող են գտնել»:

Պարոն Վանյանի խոսքերով, առհասարակ՝ «Յուրաքանչյուր գործոն ազդում է օրգանիզմի վրա: Մարդիկ տարբեր եւ հաճախակի սնունդ էին ընդունում: Դրա համար մենք ասում ենք, որ պետք է չափավոր օգտագործել սնունդը, թեկուզ հաճախակի»:

Չնայած սառը եղանակին, մասնագետները հավաստեցին, որ գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031