Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանի համոզմամբ` Օհանյանը պետք է դրսում լինի

Հունվար 10,2012 16:07

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի: 

Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, թե որ այստեղ բարոյական խնդիր կա, եւ եթե անհարմար չլիներ, ապա ինքն անձամբ կգնար դատավորի մոտ եւ կխնդրեր Մարգար Օհանյանին ազատ արձակել:

«30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել` քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետեւ կարող է խանգարել: Կարծում եմ, այստեղ բարոյական պահ կա: Ես որ անհարմար չզգայի, ինքս կգնայի այսօր դատարան, դատավորին կխնդրեի. ով ինչ կուզեր թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչեւ վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ: Ես իմ կողմից կուզենայի խնդրել, որպեսզի դատարանը մեղմ վերաբերվեր: Ուրախ եմ, որ դուք ինձ զանգել եք, այս խոսքերս սրտանց եմ ուզում ասել` ոչ թե որ Մարգար Օհանյանը կամ նրա հարազատները լսեն, ուղղակի ես իմ բարոյական պարտքն եմ կատարում, ճիշտ կլինի, որ այդ մարդը դրսում լինի», – ասաց Սարգսյանը:

Երկուշաբթի մեկնարկած դատական նիստում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող Մարգար Օհանյանը հայտարարեց, թե ինքը բենզինի յուրացման գործում վկայից դարձել է կասկածյալ եւ ձերբակալվել ընդամենը մեկ զանգից հետո, եւ որ այն ինչի մասին ինքը խոսում է, կապված է ոստիկանության կառույցի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Օհանյանը խնդիրներ ուներ իր հետ, Ալիկ Սարգսյանն պատասխանեց, թե ինքը վերջինիս հետ ամենալավ հարաբերություններն է ունեցել, հին ընկերներ են եղել: Նախկին ոստիկանապետն ասաց` անգամ պատկերացում չունի, թե ով կարող էր զանգել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո Օհանյանին ձերբակալել են:

«Երբ որ բենզինի չարաշահման փաստը արդեն հիմնավորվել էր, արդեն ամեն ինչը բացահայտվում էր, ես` որպես պաշտոնյա, դա թաքցնել չէի կարող, ավելին` ես ուզեցի նույնիսկ իրեն մի անգամ հրավիրել, եւ ասացի ընկերների միջոցով` եթե ինքը տեղյակ է, թող վաղը գա ինձ ասի, որ ես տեղյակ եմ չարաշահումից: Միգուցե ես ներելու հնարավորություն ունեի, կամ գործը մի քիչ այլ կերպ կներկայացնեի, վնասի վերականգնելը ներառյալ: Բայց ամեն դեպքում նա վերջին պահին էլ հրաժարվեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, ավելին` ասաց, ես եմ խնդրում, թող մինչեւ վերջ ստուգումը կատարեն: Ես էլ իմ ստուգումը կատարել եմ մինչեւ վերջ: Հիմա ամեն ինչ կանեի, որ այս ամեն ինչը եղած չլիներ, նա դրսում լիներ, որովհետեւ իմ համար իրոք շատ ծանր է, շատ վատ բան եղավ իմ կենսագրության մեջ` անկախ իմ կամքից», – ասաց նախկին ոստիկանապետը:

Ռուզաննա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031