Շինուհայրը Գորիսի շրջանի մեծ գյուղերից է՝ շարունակվող արտագաղթով ու օր օրի ավելացող խնդիրներով: Թվում է՝ այստեղ ապրողներից շատերը հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց խնդիրները երբեւէ չեն լուծվելու, որովհետեւ «երկրում ոչ օրենք կա, ոչ իշխանություն», ոմանք էլ անօրինությունների դեմ անպտուղ պայքարելուց հոգնած՝ իրենց վիճակի հետ կիսահաշտ ապրում են: Կիսահաշտ, որովհետեւ «վերեւներին» արդեն չեն բողոքում, բայց անարդարությունը «մարսել» էլ չեն կարողանում, եւ իրար հետ զրուցելիս բորբոքվում են, օրինակներ բերում եւ, որպես կանոն, վերջում հանգում մի եզրակացության՝ «ո՞ւմ բողոքենք. մարզպետի՞ն՝ իր նշանակած մարդկանց դեմ, նա չգիտի՞ ինչ է կատարվում: Կամ որ այդքան բողոքել ենք՝ ինչի՞ ենք հասել, ի՞նչ է փոխվել…»:
Շինուհայրցի Կամո Վարդազարյանի ընտանիքը 7 անչափահաս երեխա ունի եւ Ամանորից առաջ դիմել էր Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին՝ օգնության ակնկալիքով, քանի որ ոչ տուն ունեն, ոչ էլ աշխատանք: Իսկ ամանորյա անակնկալը չէր ուշացել. Վարդազարյանները պարզել էին, որ դեկտեմբեր ամսին իրենց ընտանիքը զրկվել է «Փարոսի» նպաստից, քանի որ, ինչպես իրենց հայտնել են՝ ինչ-որ փաստաթուղթ չեն ներկայացրել, թեպետ իրենցից ոչ ոք փաստաթուղթ չէր պահանջել: Բայց անակնկալը դրանով չէր ավարտվել. Վարդազարյաններին «Փարոսից» տեղեկացրել են, որ այս տարվա հունվարից իրենց ընտանիքը զրկվում է նպաստից, որովհետեւ երեխաներից 3-ը հաճախում են գիշերօթիկ դպրոց: «Մինչեւ հիմա ես չգիտեի, որ հատուկ կրթություն ստանալն ու գիշերօթիկ դպրոց հաճախելը կարող է համարվել եկամտի աղբյուր,- ասում է Կ. Վարդազարյանի կինը՝ Ամալյա Թունանյանը եւ շարունակում,- առանց այդ էլ ծայրը ծայրին չենք հասցնում, սրա-նրա տվածով ենք ապրում: Ոչ տուն ունենք, ոչ աշխատանք, մնում է երեխաներիս հավաքեմ-տանեմ նախագահի ընդունարանում թողնեմ, թող պահեն, հո սոված չե՞մ կոտորելու»:
Մի գիշերում կառավարության աղքատության դեմ պայքարի ծրագրով «հարստացել» է նաեւ Սոնիկ Ավետիսյանը, որն առանց ամուսնու մեծացնում է չորս անչափահաս երեխա, ընդ որում նրանցից մեկը հաշմանդամ է՝ գամված սայլակին: Ս. Ավետիսյանը դեռ չէր պարզել նպաստից զրկվելու պատճառը, բայց ասում էր, որ եթե պետք լինի՝ դատարան էլ կդիմի:
Ի դեպ, Ս. Ավետիսյանը հուզված պատմում էր, որ մոտ երկու տարի առաջ դիմել է Հայ առաքելական եկեղեցուն՝ օգնության խնդրանքով, բայց մինչ օրս որեւէ պատասխան կամ օգնություն չի ստացել:
Կարդացեք նաև
Մի քանի օրվա ընթացքում անարդարությունների եւ անօրինականությունների մասին այս գյուղում լսածս պատմություններն այնքան շատ էին, որ հնարավոր չէ բոլորը ներկայացնել: Միայն նշեմ, որ Երեւան վերադարձիս ճանապարհին մեքենայում կողքիս նստած կանայք, որ Հալիձոր գյուղից էին, նույնն էին պատմում եւ ավելացնում. «Ամեն անգամ մի սուտ պատճառ են հորինում եւ մարդիկ մինչեւ երկու ամսվա գումարը գլխանց չեն տալիս, նպաստ չեն ստանում»:
Անժիկ Հարությունյան