«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը տարեվերջյան ասուլիսում ասել էր, որ իշխանությունը մեծամասնական ընտրակարգին կողմ է, քանի որ կան մեծամասնական ընտրակարգով անցած պատգամավորներ, որոնք այնպիսի կեցվածք ունեն, այնպիսի կերպար ունեն եւ հասարակության մեջ այնպես են ընկալվում, որ նրանցից կուսակցություններն ամաչում են եւ իրենց համամասնական ցուցակներում չեն ուզում ընդգրկել: Նրանք մտածում են, որ այդ պատգամավորներն իրենց հեղինակությանը կվնասեն:
Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հարցին, կա՞ն պատգամավորներ, որոնցից ամաչում են` ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա Ռուբեն Հակոբյանի խոսքը մեկնաբանել եւ վերլուծել, որովհետեւ ես չեմ գտնում, որ դրա մեջ կա ինչ-որ ճշմարտություն, յուրաքանչյուր քաղաքական թիմ թող տա նախ իր թիմի կատարած աշխատանքների գնահատականը եւ մեկնաբանությունը»:
Մենք խնդրեցինք պարոն Սահակյանին նշել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների անուններ, որոնք սիմվոլիկ պատգամավորի կերպար են եւ որոնցից չեն ամաչում: Ի պատասխան` պարոն Սահակյանը նշեց Կորյուն Նահապետյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի անունները: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ ընդամենը 1-2 անուն կա, ավելին չե՞ք կարող նշել` պարոն Սահակյանը ծիծաղեց. «Ուզում եք 41-ի անունները թվե՞մ հիմա: Ես նշեցի անուններ, որոնք որպես պատգամավոր աշխատում են: Չեմ կարծում, որ որեւէ մեկից ամաչելու խնդիր կա»: Պարոն Սահակյանը նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում իր գործունեության ոճը, ձեւը չափն ու տեղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև