Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդների հարց. ՕԵԿ-ինը` քարոզչություն էր, ՀԱԿ-ինը` ոչ

Հունվար 10,2012 15:19

2011 թվականի հոկտեմբերի 28-ի հանրահավաքում իր ելույթի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսում իրատեսական են համարում «Հայխնայբանկում» դրված մեր համաքաղաքացիների ավանդների վերադարձը եւ ասաց, որ Կոնգրեսն առաջիկայում լրջորեն զբաղվելու  է այդ խնդրի լուծմամբ:

Խորհրդային տարիներին «Հայխնայբանկում» «կորսված» ավանդների վերադարձման հնարավորությունների մասին ՀՀ նախկին վարչապետն այլ առիթներով էլ էր խոսել, այդ դրույթը ներառված է նաեւ իր հեղինակած «100 քայլ» տնտեսական ծրագրում, որը ՀԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ է:

2011-ի ավարտին արդեն ՀԱԿ-ի մարզային կառույցներում հանձնարարականներ էին տրվել, որպեսզի տեղերում մանրամասն տեղեկություններ հավաքագրվեն ավանդատուների, նրանց ներդրած գումարի եւ այլնի մասին: Կոնգրեսի մարզային գրասենյակներում այժմ բավականին ակտիվ  հավաքագրում է ընթանում:

Թե ներկայումս ի՞նչ արդյունքներ կան՝ Aravot.am-ին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից առայժմ չհաջողվեց ճշտել: Առաջարկի հեղինակ պարոն Բագրատյանը նույնպես հստակ թվերի չէր տիրապետում. Ինքն անձամբ չի ղեկավարել գործընթացը եւ որքան որ տեղյակ է՝ նման վերլուծություն դեռեւս չկա:

Նկատենք, որ «Հայխնայբանկի» ավանդների վերադարձման գործընթացն այս տարիներին գործողության մեջ է եղել: Մեկ այլ քաղաքական ուժի` «Օրինաց երկիր» կուսակցության հիմնական հաղթաթղթերից մեկն էլ հենց այս առաջարկն էր, որը ծնվեց ՕԵԿ-ի հիմնադրման հետ զուգահեռ: Մինչդեռ, այն ժամանակ եւ ցայսօր, շատերը պնդում են, որ ՕԵԿ-ի այդ առաջարկը քարոզչական նպատակ էր հետապնդում, թեեւ արդեն մի քանի տարի է՝ որոշակի սահմանափակումներով, սակայն, ՕԵԿ-ի առաջարկը կյանքի է կոչվում:

Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է ՕԵԿ-ի պարագայում այդ հարցը որակվում իբրեւ նախընտրական հնարք, իսկ ՀԱԿ-ի պարագայում` իրատեսական քայլ: Պարոն Բագրատյանը մանրամասնեց, որ նախընտրական քարոզչության ոչ մի հարց այդտեղ չկա. «Դա արված է վաղուց»: Ինչ մնում է ՕԵԿ-ին, նախկին վարչապետը խորհուրդ է տալիս չշփոթել եւ պարզաբանում է. «ՕԵԿ-ը արել է ընդամենն այն, ինչ որոշել էր ՀՀ կառավարությունը դեռ 1993 թվականին: Իսկ այն ժամանակ կառավարությունը որոշել էր, որ այդ ավանդները պետք է ձեւակերպել որպես պարտք եւ երբեւիցե վերադարձնել: ՕԵԿ-ը մոտեցրել է, արագացրել է այդ հարցի լուծումը` 50 անգամ պակասեցնելով պարտքը: Այսինքն, մարդուն պետք է տային 2000 դոլար փոխհատուցում, այսօրվա կարգով տալիս են 40 դոլար»:

Կախված ավանդի թվի մեծությունից, այդ թվերը տարբեր են, հստակ վիճակագրություն գոյություն չունի, իսկ մեր զրուցակցի ձեռքն էլ, իր խոսքով՝ «խելացի թուղթ» չի ընկել, որ հստակ վերլուծություն անի, բայց պատկերը մոտավորապես հենց այդպիսին է:

Այս ամենից մեր զրուցակիցը հետեւություն է անում. «Սրանից 6-7 տարի առաջ, ՕԵԿ-ը, իշխող կոալիցիան, որպեսզի փաստի առջեւ չկանգնեն նախկին իշխանության առաջ, որը խոստացել էր պարտք ձեւակերպել եւ վերադարձնել այդ ավանդները, շնորհակալության փոխարեն՝ փնթփնթալով նախկին իշխանության վրա, թե իրենք են խլել, առաջ ընկան` ասելով, թե մենք վերադարձնում ենք այդ գումարները: Մինչդեռ, այդ ավանդները ոչ մի կապ չեն ունեցել նախկին իշխանություն հետ, դրանք ծախսել է Գորբաչովը: Մենք գտնում ենք, որ մարդու եղածի 2-3 տոկոսը վերադարձնելը սխալ է: Մենք գտնում ենք, որ երկիրն ի վերջո պետք է ունենա իշխանություն, որը կվերականգնի տնտեսությունը, ոչ թե սրանց պես… եւ 5-10-15-20 տարի հետո կկարողանա այդ ավանդները տալ: Այսօր, իհարկե, ավանդները վերադարձնել հնարավոր չէ, բայց կարելի է արժեթուղթ տալ, որը միշտ կգործի եւ գումարը կարող է տվյալ անձի որդին կամ թոռը ստանալ, ինչպես ժամանակին արել է Ստալինը, այսպես կոչված` պետական օբլիգացիաներ, եւ այդ ավանդները ձեւակերպել պետական բյուջեի պարտք: Դա կլինի ազնիվ»:

Ընդհանուր առմամբ խոսքը 3-4 միլիարդ դոլարի մասին է, ինչը Հրանտ Բագրատյանը խոստանում է վերադարձնել մի քանի տարում, որպեսզի նաեւ վերականգնվի ժողովրդի հավատը պետության նկատմամբ: «Ինչու, երբ մենք արտասահմանից պարտք ենք վերցնում 9-10 տոկոսով, վերադարձնում ենք, իսկ սա` անտոկոս է»,- ասում է Հրանտ Բագրատյանը, խոստովանելով, որ իրենք էլ մինչեւ վերջ ազնիվ չեն եղել եւ տոկոսներ չեն ավելացրել:

Ի դեպ, ըստ Բագրատյանի, տրվելիք արժեթղթերով հնարավոր է մաս-մաս էլ գումարը վճարել, հետեւաբար, նկատում է, որ արդեն իսկ վճարված գումարներն իրենք կհանեն ընդհանուր գումարից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031