Այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Սպիտակում ամանորյա միջոցառումներից հետո 40 նոր անդամ են իրենց շարքերն ընդգրկել:
Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ տոնական այս օրերին բոլոր համայնքներում ամանորյա միջոցառումներին ծածանվում էին Հանրապետական կուսակցության դրոշները, Ձմեռ պապիկները մուտք էին գործում ձեր դրոշներով եւ քիչ էր մնում Ձմեռ պապի տված տոպրակների միջից երեխաները ՀՀԿ-ի բուկլետները հանեին` պարոն Սահակյանը պատասխանեց. «Բայց չգտան, չէ՞: Ես նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ դա որեւէ օրենքով չի արգելվում, դա քարոզչության որոշակի միջոց է, ձեւ է, եթե Հանրապետական կուսակցության պաստառները տեսնում եք այս կամ այն գովազդային վահանակներին, ապա դա նույնպես կարող է լինել որպես գովազդ, քարոզչության միջոց»:
Մեր դիտարկմանը` գովազդը Ձմեռ պապիկների միջոցո՞վ եք անում` պարոն Սահակյանը պատասխանեց. «Կարող էր նաեւ Ձմեռ պապիկը հանրապետականի հագուստ հագնել, ես էդտեղ որեւէ վատ բան չեմ տեսնում»: Պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ կան քաղաքական ուժեր,որոնք անցել են ավելի բուռն ու ագրեսիվ քարոզչության. «Օրինակները բոլորին հայտնի են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ