Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները սպասում են «գիշերային» հերթական որոշմա՞նը

Հունվար 10,2012 14:39

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսելով 100 % համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության նախաձեռնության մասին, ասաց, որ դա ժամկետների առումով գրեթե անհնարին է, քանի որ պետք է Սահմանադրության մեջ էլ փոփոխություններ կատարել. «Եթե քաղաքական համաձայնության էլ գանք, չեմ կարծում, որ ընդդիմության բերած փաստարկները ծանրակշիռ են այնքան, որ մեծամասնական ընտրակարգը վերացնենք: Ասում են` ընտրակեղծիքների տեղ է տալիս, բայց այսօր նույն մարդիկ կարող են հայտնվել համամասնական ցուցակներում»: Ըստ բանախոսի, մեծամասնականով ընտրված պատգամավորները հեռավոր գյուղերի բնակիչների խնդիրներն են բարձրացնում:

Այն դիտարկմանը, որ պատգամավորներ կան, որոնք ո’չ ԱԺ-ում են հայտնվում, ո’չ ելույթ են ունենում, ոչ էլ նրանց ընտրվելուց հետո գյուղացիներն են ճանաչում` պարոն Սահակյանը պատասխանեց. «ԱԺ պատգամավորի գործունեությունը երեւացող եւ թաքնված մաս է պարունակում: Հատկապես մեծամասնականով ընտրված պատգամավորները փորձում են այս կամ այն խնդիրն իրենց ընտրատարածքի կամ համայնքի համար լուծել: Օրինակ, դպրոցների, մանկապարտեզների, համայնքային շենքերի վերանորոգման հարցը մտցնել  բյուջե եւ խնդիրը լուծել, դրանք էլ չերեւացող մասում է: Թե այս կամ այն պատգամավորն ինչու ելույթ չի ունենում կամ ինչու ակտիվ չէ, կարծում եմ յուրաքանչյուր պատգամավոր նաեւ Սահմանադրությամբ ազատ է եւ ինքն է որոշում իր գործունեության ձեւը, ոճը, տեսակը: Նրանք լինելու են, թե չեն լինելու` իրենք ազատ կլինեն մեծամասնականով առաջադրվելու, յուրաքանչյուր ոք, 25 տարին լրացավ` կարող է առաջադրվել»:

Պարոն Սահակյանը ՀՀԿ-«Բարգավաճ» միասնական ցուցակի, գործարար պատգամավորներին հեռացնելու եւ նմանատիպ բազմաթիվ հարցերին պատասխանում էր, որ քաղաքական որոշում այդ մասին դեռ չկա: Լրագրողներից մեկի դիտարկմանը` սպասում եք գիշերային հերթական քաղաքական որոշմա՞նը` նա պատասխանեց, որ ՀՀԿ-ն միշտ «թափանցիկ» որոշումներ է կայացնում:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընտրատարածքների քարտեզները պետք է փոփոխվեն եւ դրանից շահելու է ՀՀԿ-ն: Հովհաննես Սահակյանն ի պատասխան այս դիտարկմանը՝ քմծիծաղ տվեց. «Երկիրը պտտվում է ՀՀԿ-ի շո՞ւրջ, հա՞: Դրանից կշահեն նաեւ քաղաքական այլ ուժերը, բայց քանի դեռ ԿԸՀ-ն այդ մասին որոշում չի կայացրել, դա ընդամենը սենսացիայի համար արված թեմա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031